Panorama.am-ը գրում է․ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների, անհետ կորածների, գերեվարվածների վերաբերյալ իրավապահ մարմնի, պաշտոնյաների հրապարակած թվերը շատերը կասկածելի են համարում։ Պատերազմի ավարտից մեկ ու կես տարի անց դեռ հրապարակված չեն զոհվածների անուն-ազգանունները, զոհվելու հանգամանքները։
Վերջերս էլ հայտնի դարձավ, որ պատերազմում զոհվածներին ԱՆ-ն ներկայացրել է որպես կորոնավիրուսի հետևանքով մահացածներ։
Մինչ օրս չի հրապարակվել պաշտոնական տեղեկատվություն պատերազմի հետևանքով վիրավորվածների թվի, վիրավորվելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ու կամավորների վերաբերյալ։
Panorama.am-ը գրավոր հարցում է ուղղել երեք գերատեսչությունների՝ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, պաշտպանության նախարարություններին։ ԱՆ-ից ասացին՝ իրենք նման տվյալների չեն տիրապետում։ ՊՆ-ից հարցմանը դեռ չեն արձագանքել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Panorama.am-ն այսօր ստացել է հարցերի պատասխանները։
Panorama.am- Ղարաբաղյան երրորդ (44-օրյա) պատերազմի հետևանքով քանի՞ զինծառայող ու քաղաքացիական անձ (կամավոր) է ձեռք բերել հաշմանդամություն։ Քանի՞սն է այդ պատճառով զորացրվել։
ԱՍՀՆ- 2022 թվականի մայիսի 27-ի դրությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման «Փյունիկ» տեղեկատվական համակարգում հաշվառված է 2020 թվականի պատերազմին մասնակցելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 1353 անձ։
Panorama.am- Նրանցից քանի՞սն ունեն 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամություն։ Նրանցից քանի՞սն են զինծառայողները (խնդրում եմ առանձին նշել պայմանագրային ու ժամկետային զինծառայողների թիվը), քանի՞սը՝ քաղաքացիական անձինք։
ԱՍՀՆ- Առաջին խմբի հաշմանդամություն է ձեռք բերել՝ 112, երկրորդ խմբի հաշմանդամություն՝ 311 և երրորդ խմբի հաշմանդամություն՝ 930 անձ։ Հաշմանդամություն ունեցող անձանց` զինծառայող (պայմանագրային, ժամկետային, զորացրված) կամ քաղաքացիական անձ լինելու վերաբերյալ տեղեկատվություն համակարգ չի մուտքագրվում։
Panorama.am- Հաշմանդամություն ձեռք բերած անձանցից քանի՞սն ունեն ամպուտացված վերջույթներ, քանի՞սն են զինծառայողներ, քանի՞սը՝ քաղաքացիական անձինք: Առավել շատ ո՞ր վերջույթներն են ամպուտացվել՝ վերի՞ն, թե՞ ստորին: Քանի զինծառայող ու քաղաքացիական անձինք կա՞ն, որոնք ունեն երկու և ավելի ամպուտացված վերջույթներ։ Խնդրում եմ մանրամասն նշել, թե քանի՞ զինծառայող, քաղաքացիական անձ ունեն ամպուտացված մեկ, քանի՞սը՝ երկու, քանի՞սը՝ երեք, քանի՞սը՝ չորս ամպուտացված վերջույթներ։
ԱՍՀՆ- Հաշմանդամություն ձեռք բերած անձանցից 136-ն ունի վերին և ստորին վերջույթների անդամահատում։ Նրանցից 35-ն ունի վերին վերջույթների, իսկ 101-ը՝ ստորին վերջույթների անդամահատում։ Վերջույթների անդամահատում ունեցող 136 անձից 15-ն ունի զույգ վերջույթների անդամահատում:
Panorama.am -Պատերազմի հետևանքով հաշմանդամության ձեռք բերած զինծառայողներից, քաղաքացիական անձանցից քանի՞սն են ունեցել պրոթեզավորման կարիք։ Նրանցից քանի՞սն են պրոթեզավորվել պետական բյուջեի միջոցներով։
ԱՍՀՆ-Հայտնում ենք, որ 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած 123 անձ պրոթեզավորման կարիք է ունեցել և, համապատասխանաբար, վերջիններիս տրամադրվել է վերին և ստորին վերջույթների պրոթեզներ։ Պրոթեզավորման գործընթացն իրականացվել է պետության, դոնոր և ԱՍՀՆ կողմից որակավորված կազմակերպությունների համագործակցության միջոցով։
Panorama.am-Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քանի՞ զինծառայող, քաղաքացիական անձ է պրոթեզավորվելու ընթացիկ՝ 2022 թ. ընթացքում։
ԱՍՀՆ-Ներկայումս 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած որոշ անձինք գտնվում են վերականգնողական փուլում, և միայն համապատասխան բուժում ստանալուց հետո պարզ կլինի նրանց պրոթեզավորմանն առնչվող հարցը։
Panorama.am-Ո՞ր երկրի արտադրության պրոթեզներ է ձեռք բերում պետությունը։ Խնդրում ենք կցել նաև ձեռք բերված պրոթեզների բնութագրերն ու գները:
ԱՍՀՆ- Տեղեկացնում եմ նաև, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման՝ աջակցող միջոցները տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա։ Պրոթեզները ստանում են այն կազմակերպություններից, որոնք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ունեն կնքված պայմանագրեր։ Նախարարությունը ֆինանսական միջոցներ է տրամադրում կազմակերպությունների կողմից իրականացված ծառայության դիմաց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը