News.am-ը գրում է․ Հայաստանում այսօր անկում է ապրում միայն Ալեն Սիմոնյանի եւ իր քաղաքական թիմի վարկանիշը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «Դիմադրություն» շարժման փողոցային պայքարը անկումն է գնում։
«Իրենք թող որոշեն, թե ովքեր են անկում ապրողները՝ շարժման օրեցօր ավելացող մասնակիցների թիվը, նրանց վճռականությունը եւ հայրենասիրությունը, թե իրենց թրքամոլությունը։ Եթե «Դիմադրություն» շարժումն անկում ապրի, կնշանակի թրքամոլության աճը, ինչը մենք թույլ չենք տալու։ Վերջին մեկ տարվա ընթացքում Ալեն Սիմոնյանը եւ իր քաղաքական կնքնահայրն արել են ամեն ինչ իրենց թրքամոլությունը բացահայտելու եւ իրենց դավաճանական պատկերը վերջնական ցույց տալու համար։ Հասարակությունն արդեն արթնացել է, եւ այս իշխանությունը արդեն ավարտված է»,- ասաց Ղազինյանը։
Ղազինյանի դիտարկամբ՝ Ալեն Սիմոնյանը, որը խոսում է այն մասին, թե «Հայաստան» դաշինքը չի կարողանում փողոց դուրս հանել հասարակության՝ իրեն 21 % քվե տված հատվածին, չի կարող փողոց դուրս հանել իր քաղաքական ուժին ձայն տված 600 հազարից ավել մարդկանց։
«Նախ որովհետեւ իրենք ընտրության ժամանակ էլ այդ թիվը չեն ունեցել, այլ կեղծիքով են ավելացրել։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ այս իշխանությունը 15-20 հազար մարդու կարող է փողոց հանել։ Ինքը եւ իր քաղաքական թիմը ղեկավարը մինչեւ ապրիլի 23-ը կերազեին այսօր փողոցում գտնվող մարդկանց կեսին դուրս հանել»,- նշեց Արթուր Ղազինյանը։
Արթուր Ղազինյանի խոսքով՝ իրենց չի անհանգստացնում այն, որ իշխող խմբակցությունը կարող է սկսել գործընթաց, որով բացակայությունների թույլատրելի շեմն անցած ընդդիմադիր պատգամավորները կարող են զրկվել իրենց մանդատներից։ Ըստ նրա՝ մանդատն իրենց համար կենսակերպ եւ կյանքի նպատակ չէ, ինչպես իշխանության համար, այլ միջոց իրենց տրված վստահության քվեն առավելագույն նպատակի ծառայեցնելու համար։
«Դրա կարիքը եթե զգանք, անպայման կօգտագործենք, իսկ այժմ քաղաքական որոշում ունենք՝ մեզ տրված վստահության ռեսուրսն օգտագործել փողոցում թրքահապատակ իշխանությունից ազատվելու համար։ Ազգային ժողովից փախնում եւ թռնում են միայն իրենք։ Եթե այդքան համարձակ են, այդքան տղա են թող հունիսի 3-ին գան նիստի եւ իրենց դիրքորոշումը հայտնեն։ Եթե ոչ, թող հագնեն շրջազգեստ, շրջեն ամբողջ քաղաքում եւ ասեն՝ մենք տղամարդկություն չունենք, որպեսզի մեր ժողովրդին խոստովանենք, որ հրաժարվել ենք հայկական պետականությունից եւ Արցախից»,- ամփոփեց Արթուր Ղազինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը