Yerevan.Today-ը Լոռու, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներից ահազանգեր է ստացել, որ գյուղացիները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք պարարտանյութը, որի համար արդեն վճարել են: Համայնքապետարաններից գյուղատնտեսներին ասում են, որ պետք է սպասեն մինչև նոր խմբաքանակները գան ու ստանալու իրենց հերթը գա:
Սակայն գյուղացիները բողոքում են, որ մինչև պարարտանյութը տեղ հասնի, բերքը հավաքելու ժամանակը կլինի: Ասում են, որ չեն կարող կարտոֆիլին կամ լոլիկին համոզել, որ սպասեն, մինչև պարարտանյութը տան, նոր բերքի հասնեն: Գյուղատնտեսները նաև ընդգծում են, որ իրենց գործում մեկ օրն էլ կարևոր է, և եթե պարարտանյութը ուշացնեն կամ չհասցնեն առհասարակ տալ, կտուժեն ու սկզբնական՝ սերմի ու մնացած այլ ծախսերն էլ չեն հանի:
Հիշեցնենք, որ պարարտանյութի սուբսիդավորումը տեղի է ունենում կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ այն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում։ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ պետք է տրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Ծրագիրն իրականացվում է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը