ArmDaily.am-ը գրում է․
«44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրին երեկ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ իրեն ստիպել են ազատման դիմում գրել:
Նա աշխատում էր Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես գործավար-օպերատոր։ Նրան ստիպել են դիմում գրել նորանշանակ թաղապետ Վահե Հակոբյանի և տեղակալ Արսեն Հովհաննիսյանի հրամաններով։
ArmDaily.am-ի հետ զրույցում Սամվել Մարգարյանի այրին՝ Լիանան, հայտնեց, թե որն է եղել աշխատանքից ազատման պատճառը։
«Պատճառն այն է եղել, որ թաղապետը երբ մտնի կամ դուրս գա սենյակից, պետք է ոտքի կանգնեմ։ Այլ պատճառ չկա։ Եղել է խոսակցություն իմ և թաղապետի գործավարուհու միջև, երբ ես ասել եմ՝ ինչի՞ ես անընդհատ ոտքի կանգնում, երբ թաղապետը դուրս ու ներս է անում։ Ընդունարան է և հասկանալի՝ երբ գալիս են պետք է ոտքի կանգնես, դա էթիկա է և հարգանքի նշան։ Բայց ոչ ամեն վայրկյան։ Նախկին թաղապետի ժամանակ այդպես չի եղել»,- պատմեց Լիանան։
Նա նշեց, որ արդեն քաղաքապետարանից արձագանք է եղել. իր բարձրաձայնած խնդիրը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի համակ ուշադրության ներքո, եւ խնդրի լուծման ուղղությամբ գործուն ձեռնարկվում են գործուն քայլեր։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Ավան վարչական շրջանի ղեկավարից, սակայն թեժ գծին պատասխանած աշխատակցուհին նշեց, որ այսօր թաղապետի մոտ քաղաքացիների ընդունելության օր է, և նա չի կարողանա հարցերի պատասխանել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը