10 05 2022

ՔԿ-ն խուսափում է քրգործ հարուցել՝ ՊՊԾ պետի կողմից «Mediahub» -ի նկարահանող խմբի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ․ «Փաստինֆո»

ՔԿ-ն խուսափում է քրգործ հարուցել՝ ՊՊԾ պետի կողմից «Mediahub» -ի նկարահանող խմբի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից խաղաղ անհնազանդության ակցիաները լուսաբանող «Mediahub» լրատվականի նկարահանող խմբի՝ լրագրողի և օպերատորի մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ դեռևս չի հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ հավաքի մասնակիցներին քացի տալու սովորությամբ, մայիսի 2-ին անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում՝ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում, խոչընդոտել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ։ Տեսախցիկներն արձանագրել են ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից «Mediahub»-ի օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դրվագը, ինչն ուղեկցվել էր բռնության գործադրմամբ, այն է՝ անհնազանդության ակցիաները նկարահանելու ժամանակ ոտքով հարվածել է օպերատորին։ Դատախազությունը հայտարարել է, որ տեսանյութն ու հրապարակումներն ուղարկել են ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՔԿ-ից նշել են, որ դեպքի առթիվ դեռեւս քրեական գործ հարուցված չէ, նյութերն ուսումնասիրվում են։ Ի դեպ, նույն կառույցից օրեր առաջ տեղեկացրել էին, որ նյութեր են նախապատրաստում ու այդպես էլ հնարավոր չեղավ պարզել հիմա նյութեր են նախապատրաստվում, թե ստացած նյութերը դեռ ուսումնասիրում են։

Նկատենք, որ նյութերի նախապատրաստման համար սահմանված է 10 օրյա ժամկետ, հետեւապես առաջիկա օրերին պետք է, որ ՔԿ-ն որոշում կայացնի։ Առ այս պահը իրավապահ մարմինները չեն հայտնել գեթ մեկ դեպքի մասին, որը կվեաբերի ոստիկանության ծառայողների կողմից կիրառվող բիրտ ուժի ու իշխանազանցության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին։ Փոխարենը օրական հայտնի է դառնում մոտ մեկ տասնյակ քրեական գործերի մասին, որոնցով հետապնդումներ են իրականացվում խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ