Այս պահին Երևանի տարբեր ծայրամասերից չորս ուղղություններով շարունակվում են անհնազանդության բողոքի ակցիաները։
Գայի պողոտայից դեպի Ֆրանսիայի հրապարակ շարժվող երթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություններին։
«Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարությամբ է հանդես եկել։Նա ասում է նույն տեքստերը, ինչ Նիկոլը, Քոչարյան Անդոն, Ալեքսանյան Վահագը, Թորոսյան Արսենը ու մի շարք ՔՊ-ական պատգամավորներ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասում է, որ Հայաստանում ընդամենը 5-6 հազար մարդ է պայքարում Արցախի համար, Արցախի հարցը փակված է, և դա կեղծ օրակարգ է։
«Ինձ թվում է՝ թուրքերի ու ՔՊ-ի տեքստերը նույն տեղում է գրվում։ Մենք ապացուցելու ենք և Ադրբեջանին, և Հայաստանի ներքին թուրքերին, որ տեր ենք մեր հայրենիքին և այս իշխանությունը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի:Հետևաբար, մեր պայքարը հանուն Արցախի է, հանուն Հայաստանի, հանուն հայրենիքի, հանուն վաղվա ապագայի։ Ուստի, մենք հետքայլի, նահանջի, հոգնելու տարբերակ չունենք»,- նշեց նա։
Իշխան Սաղաթելյանը կոչ արեց միանալ պայքարին՝ օր առաջ հեռացնելու չարիքի կառավարությանը, որպեսզի կերտենք մեր երազանքների, ուժեղ, անվտանգ Հայաստանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը