Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը, որը հաստատվել էր Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետի կողմից երեքշաբթի երեկոյան, ուժի մեջ է մտել այսօր առավոտյան ժամը 04:00-ից։ Ինչպես հայտնում է Reuters-ը, համաձայնագրի պայմանները նախատեսում են իսրայելական զորքերի դուրսբերում հարավային Լիբանանից և այնտեղ լիբանանյան բանակի տեղակայում:
BBC-ի հաղորդմամբ, հրադադարի հաստատումից մեկ ժամ առաջ, Բեյրութի հարավային արվարձաններին ավիահարվածներ են հասցվել: Հրադադարից հետո Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հարձակումների մասին հաղորդումներ չեն եղել:
Մինչ այդ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով, որ հրադադարի պայմանները ներկայացնում է կաբինետի հաստատմանը։ Նա նշել է, որ եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարի պայմանները, ապա Իսրայելը հարված կհասցնի։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև՝ 13 ամիս շարունակվող մարտերը դադարեցնելու համար։ Այս մասին գրում է BBC-ն՝ հավելելով, որ սա եղել է Լիբանանի վերջին տասնամյակների ամենամահաբեր հակամարտությունը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 3,823 մարդ:
Նրա խոսքով՝ Իսրայելը պարտավոր է 60 օրում դուրս բերել իր զորքերը Լիբանանից, իսկ «Հեզբոլլահ»-ին այլևս երբեք թույլ չի տրվի սպառնալ Իսրայելի անվտանգությանը: Բայդենը հավելել է, որ հաջորդ 60 օրում Լիբանանի զինված ուժերը կտեղակայվեն իրենց տարածքներում, իսկ «Հեզբոլլահ»-ին թույլ չի տրվի վերականգնել իր ենթակառուցվածքները:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև խաղաղության համաձայնագիրը ձեռք է բերվել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը