News.am-ը գրում է․ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հերքում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքին մասնակցելու մասին մամուլում շրջանառվող լուրերը։
Նշենք՝ armdaily.am-ը հայտնել է, որ իր ձեռքի տակ է հայտնվել մի լուսանկար, որտեղ դատավոր Բեկթաշյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ կանգնած է երեւանյան փողոցներից մեկում, եւ, որ նա մասնակցում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքներից մեկին։
NEWS.am-ի խնդրանքով դատավոր Բեկթաշյանը մեկնաբանել է այդ տեղեկությունը։
«Այո հանդիպել եմ Գեղամ Մանուկյանին, դա եղել է ոչ աշխատանքային օր, որքանով որ հիշում եմ սույն ամսի 1-ն էր, կիրակի օր, դա եղել է Երեւան քաղաքի Թումանյան փողոցի վրա, երբ ես դուրս էի գալիս հարակից տարածքում գտնվող սրճարաններից մեկից, որտեղ մինչ այդ հանդիպել էի իմ վաղեմի ընկերներից մեկին։ Գեղամին տեսնելուց հետո մի քանի բառ ենք ընդամենը փոխանակվել, ճշտել ենք միմյանց որպիսությունը, քանի որ տեւական ժամանակ էր, ինչ վերջինիս չէի հանդիպել։ Բնականաբար նշված խոսակցությունը չի ունեցել որեւէ քաղաքան բովանդակություն եւ առհասարակ, ես, որպես դատավոր զերծ եմ մնում քաղաքականությամբ զբաղվելուց, իսկ ինչ վերաբերվում է նշված հանդիպմանը ապա նման հանդիպումներ, երբ պատահմամբ հանդիպում ես վաղեմի ծանոթների եւ զրույցի բռնկվում վերջիններիս հետ, լինում են հաճախակի, քանի որ ամենից զատ ես մարդ եմ, ով ունի շրջապատ, ընկերներ եւ ծանոթներ։
Նշեմ նաեւ որ ես որպես դատավոր իմ գործունեության ողջ ընթացքում չեմ մասնակցել որեւէ հանրահավաքի, երթի կամ այլ քաղաքական միջոցոռման, ինչ վերաբերվում է տվյալ օրը իմ ու Գեղամի հանդիպմանը, ապա ինչպես որ նշեցի, Գեղամին հանդիպել եմ Թումանյան Մաշտոց պողոտայի խաչմերուկում, որտեղ որեւէ երթ այդ պահին չէր ընթանում»,- ասաց դատավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը