27 04 2022

Ամեն օր է այսպիսի ողբերգություն լինում, ինչո՞ւ հանրությունը դրանք չի քննարկում. ՔՊ-ական․ News.am

Ամեն օր է այսպիսի ողբերգություն լինում, ինչո՞ւ հանրությունը դրանք չի քննարկում. ՔՊ-ական․ News.am

News.am-ը գրում է․ Դա եղել է ոչ թե վարչապետի, այլ նրան ուղեկցող մեքենան, ես շատ կուզեի, որ հանրությունը բոլոր մահվան ելքով պատահարներով, որոնք գրեթե ամեն օր են լինում Հայաստանում, այսպես ողբար և հետևողական լիներ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ վաչապետի ավտոշարասյունը ուղեկցող ոստիկանական մեքենայի կողմից հղի կնոջը մահվան ելքով վրաերթի ենթարկելու դեպքին, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Կուզեի, որ հասարակությունը բոլոր դեպքերով նման հարցադրումներ աներ պաշտոնյաներին, այդ թվում՝ ինձ, և ասեր, օրինակ ինչու Սևանի մայրուղու վրա այս երիտասարդը մահացավ, ինչու այս 8 տարեկան երեխան քաղաքի կենտրոնում ընկավ մեքենայի տակ և այլն։ Հասարակության արձագանքը պետք է նույնատիպ լինի։ Քրեական գործ, իհարկե, պետք է հարուցվի, կնշանակվեն մի շարք փորձաքննություններ ու կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, թե որ կանոնն է խախտվել ճանապարհային երթևեկության, ով է խախտել։ Անկախ քրեական գործից, դեպքը զարհուրելի է, բայց կրկնում եմ, եկեք մի մոռացեք, որ ամեն օր են այսպիսի դեպքեր տեղի ունենում ու մեր պայքարը պետք է լինի ոչ թե կոնկրետ այս դեպքով, այլ ընդհանրապես։ Ամեն ինչ պետք է անել, որ ՀՀ-ում, այս խաղաղ պայմաններում մարդիկ քիչ զոհվեն ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Ուզում եմ, որ հաջորդ դեպքերով էլ գաք ինձ նման հարցադրումներ անեք»,- ասաց Խաչատրյանը։

Վերջինս նշեց, որ վարչապետի անվտանգությունը ապահովելու համար կա հստակ կանոնակարգ, որը վարչապետը չի կառավարում և իրավունք չունի միջամտել այդ կանոնակարգին։
«Անվտանգության աշխատողները ունեն հստակ կանոնադրություն՝ ինչպես պետք է քշեն, որտեղ պետք է կանգնեն, ինչ արագությամբ պետք է ընթանան և այլն։ Վարչապետի հետ երեկ շփում է եղել, նա խորը ցավով է տանում այս դեպքը»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ