Yerkir.am-ը գրում է․
Իշխանությունների հիստերիան ապացուցում է՝ իրենք են երկիրը տարել պատերազմի և խրախուսել նահանջի ճանապարհը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով իշխող ուժի պահվածքին նիստերի դահլիճում։
ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հայհոյախառը ելույթներով արձագանքեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ակցիային, որոնք Արցախի դրոշակներ դրեցին իրենց սեղաններին, բոյկոտեցին քառօրյան և մեկնեցին Արցախ, Սյունիք, Տավուշ ու Գեղարքունիք, որոնց խնդիրներն ավելի առաջնահերթ են համարում, քան իշխանության՝ ԱԺ օրակարգ բերած օրինագծերը։
«Իրենք խրախուսել են նահանջի ճանապարհը՝ կուրորեն հերոսների, գեներալների տարբեր կոչումներ շնորհելով։ Ընդ որում, դա իրականացրել է ՀՀ վարչապետը, նախորդ գումարման ԱԺ-ն, ՀՀ նախկին՝ 4-րդ նախագահը՝ խրախուսելով այդ ամբողջ ճանապարհը»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ խորհրդարանական մեծամասնության հիստերիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք ֆեյքային տիրույթի ամբիոններն են օգտագործում կեղծ տեղեկություններ տարածելու, հարձակողական գործողություններ իրականացնելու համար։
«Այնինչ իրենք իրենց գործողություններով և ավելի շատ իրենց անգործությամբ ապացուցում են, թե ինչպես են երկիրը տարել պատերազմի, ինչպես պատերազմի ժամանակ ոչ մի միջոց չեն ձեռնարկել հայ ժողովրդին համախմբելու համար։ Որովհետև այդ հնարավորությունը մեր բանակը և Արցախը միասնական կերպով ունեին․ իրենք են փլուզել այդ միասնականության գաղափարը՝ պարտության տանելով»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծեց նաև իշխանության վերահսկողության տակ գտնվող դատաիրավական համակարգի, իրավական, ուժային կառույցների դերը կարգ ու կանոն չհաստատելու և հակաօրինական գործողությունները չկանգնեցնելու հարցում։
«Հիմա ինչպե՞ս բնութագրենք՝ իրե՞նք են դրոշի պատիվը բարձր պահում և գործնականում աշխատում, թե՞ մենք, երբ կոնկրետ դրոշի խորհուրդն ենք բարձրացնում, ինչը պատվի, արժանապատվության, փառքի և, ամենակարևորը, գործնական քայլերի իրականացում է Արցախի պաշտպանության համար»,-նշեց նա։
Հեպատերազմյան մեկ ու կես տարում իշխանությունները չեն կարողացել նույնիսկ անվտանգային համակարգ ձևավորել՝ փաստեց Սեյրան Օհանյանը։
Աննա Բալյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը