09 04 2022

Արցախի դրոշն արդեն ծածանվում է Աշտարակում, Կապանում, Սպիտակում և Վանաձորում

Արցախի դրոշն արդեն ծածանվում է Աշտարակում, Կապանում, Սպիտակում և Վանաձորում

Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հայտարարած՝ հանուն Արցախի և Հայաստանի պայքարին արձագանքել են նաև Սյունիքում։ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչել է Կապանում, որտեղ և տեղադրվել է Արցախի պետական դրոշը։
Համազգային դիմադրության շարժման մասնակիցներն արդեն բարձրացրել են Արցախի դրոշը Արտաշատում, Սպիտակում, Վանաձորում։ Հայկական երկրորդ պետության գլխավոր խորհրդանիշը շարունակում է ծածանվել նաև Երևանի սրտում։
«Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչելու է նաև հանրապետության մյուս մարզերում։ Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով։

Նշենք, որ այսօր Ֆրանսիայի հրապարակում բախում է տեղի ունեցել «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքի մասնակիցների և մի խումբ քաղաքացիների միջև։

Քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակում էին՝ պաշտպանելու Արցախի դրոշը՝ ԱԺԲ ներկայացուցիչներից, ովքեր երեկ «Մեկ պետություն` մեկ դրոշ» ակցիայի շրջանակներում ներկել էին Արցախի դրոշը։ Դրանից հետո քաղաքացիները նույն տեղում տեղադրել են նոր դրոշ։

«Իրենք քայլերթով մոտենում էին դրոշին, որպեսզի արդեն երկրորդ անգամ վնասեն այն։ Երբ տեսան մեզ, փոխեցին իրենց ուղղությունը։ Չի՛ հաջողվելու, կսպասենք այնքան, մինչև իրենց միտինգը վերջանա։ Ասում են՝ Հայաստանի դրոշը դրեք։ Դրոշ պաշտպանողներին տեսեք․․․ Հայաստանի դրոշը տարբեր տեղերում կա, Արցախինը ևս պետք է լինի ամեն տեղ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի դրոշը պաշտպանող քաղաքացիներից մեկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ