30 03 2022

Երկիր ենք կորցնում, ժողովո՛ւրդ, ոտքի՛ կանգնեք․ զոհված զինծառայողի հարազատ. «Փաստինֆո»

Երկիր ենք կորցնում, ժողովո՛ւրդ, ոտքի՛ կանգնեք․ զոհված զինծառայողի հարազատ. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․

Եշիշե Զաքունցը մեկն է նրանցից, ովքեր հայրենիքի օրեցօր փոքրացումը, մաս-մաս թշնամուն հանձնելը կանխելու համար օրեր առաջ Կառավարության շենքի դիմաց երկրի կառավարումը ձախողած մարդկանց հրաժարականն էին պահանջում։ Արցախի հայաթափման նպատակով Ադրբեջանի հետևողական քայլերին ՀՀ իշխանությունների զրո պատասխանը, ինչպես Եղիշե Զաքունցն է ասում, հայրենիքի արժեքն իմացող յուրաքանչյուրի համբերության բաժակը լցրել է․ մարդիկ ուզում են ազատվել ներկա իշխանություններից, բայց չգիտեն՝ ինչպես։

«Ես ցավ եմ ապրում՝ տեսնելով, թե ինչպես են հերթով հողերը հանձնում և չգիտեմ՝ ինչ անեմ, որ մարդիկ ոտքի կանգնեն։ Մենք կորցնում ենք մեր երկիրը։ Այն մարդիկ, ովքեր հայրենանվեր են, մտահոգ են երկրի վիճակով, պետք է չհապաղեն։ Մենք պետք է ցույց տանք, որ այս երկրի տերը մենք ենք և դեմ ենք իշխանությունների քայլերին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է զոհված զինծառայողի հարազատ Եղիշե Զաքունցը՝ կոչ անելով ստեղծել խումբ, քննարկել մարդկանց ոտքի հանելու ճանապարհը։

Զաքունցը ցավով է նկատում, որ իր նման զոհված հարազատներին այդ օրը՝ Կառավարության շենքի դիմաց իրականացված ակցիայի ժամանակ, այդպես էլ չմիացան այն սրտացավ քաղաքացիները, ովքեր մտահոգ են ստեղծված աղետալի վիճակով։ Այդուհանդերձ, մեր զրուցակիցը վստահեցնում է, որ դա զոհված տղաների հարազատներին չի կարող ստիպել պայքարից հետ կանգնել․ «Մեր պայքարն անպայման շարունակելու ենք։ Հարազատներով անընդհատ քննարկում ենք, թե ինչպես ժողովրդին համախմբենք, սթափեցնենք։ Մեզ համար շատ ավելի ցավոտ է տեսնել, թե ինչ է կատարվում։ Ախր, մեր տղաները կյանքի գնով են պահել այդ հողը։ Դուրս է գալիս, որ անիմա՞ստ էին այդքան զոհերը։ Ո՞նց կարելի է ինչ-որ բանի դիմաց մաս-մաս հանձնել Հայրենիքը»։

Կառավարության քայլերի տրամաբանությունը Զաքունցը չի կարողանում հասկանալ, երբ համադրում է զուգահեռ իրականությունները՝ սահմանին կանգնած զինծառայողին տրվող 150-200 հազար աշխատավարձն ու Երևանում պարեկային ծառայություն իրականացնող պարեկին տրվող 350 հազար աշխատավարձը։

«Ես դեմ չեմ կարգ ու կանոնին, բայց մեր առաջնահերթ խնդիրը երկիրը պաշտպանե՞լն է, թե՞ մայրաքաղաքում ապրողի բարեկեցությունը բարձրացնելը։ Հասկանո՞ւմ եք՝ զինվորն անտեսված է, բանակը վերացման են տանում։ Շատերի հետ եմ շփվում ու տեսնում եմ, որ բոլորը խորը հիասթափության, դեպրեսիայի մեջ են այս ամենից, բայց չգիտեն՝ ինչ անեն»,-ասում է զոհված զինծառայողի հարազատը։

Զաքունցը ԱՄՆ-ից Հայաստան է վերադարձել 4 տարի առաջ։ Ասում է՝ տարբեր երկրներում է ապրել, բայց ոչ մի տեղ իրեն լավ չի զգացել․ միայն Հայաստանում է իրեն լավ զգում, բայց, տեսնելով, թե ինչպես է աչքի առաջ օրեցօր փոքրանում Հայրենիքը, ձեռքերը ծալած նստել չի կարող։

«Իշխանությունները մարդկանց ծաղրում են։ Տպավորություն ունեմ, որ այս սադրանքները նրա համար են, որ մարդկանց լռեցնեն, վախեցնեն, թույլ չտան ոտքի կանգնել։ Ոնց որ ասեն՝ 5000 զոհ ենք տվել, էլի կտանք, խելոք նստեք տեղներդ․․․ Իսկ քանի որ շատ ընտանիքներ կան, որ կա՛մ սահմանին կանգնած զինվոր, կա՛մ շուտով կունենան ու այդ մարդիկ էլ մտածում են՝ լավ է, ձայն չհանենք, որ հանկարծ մի բան չլինի մեր երեխաների ծառայության ընթացքում, կառավարության գլուխ կանգնածները իրենց քայլերը հերթով անում են՝ երկիրը հանձնում են․․․»,-ցավով նկատում է Զաքունցը։

Զոհված զինծառայողի հայրը համոզված է՝ հայրենիքը փրկելու համար նախ նրա յուրաքանչյուր կտորը քոնը պետք է համարես, կարևորես նրա ամեն մի սանտիմետրը։

«Գիտե՞ք, այդ օրը՝ ակցիայի օրը, ես դա շեշտեցի, ասացի՝ ես արցախցի եմ, արցախցու կողքին եմ ու կապ չունի, որ ես Արցախում չեմ ծնվել։ Այդպես պետք է լինի մեր երկրի ցանկացած հատվածի պարագայում։ Անկախ նրանից, թե ով որտեղ է ծնվել, պետք է այն գիտակցումն ունենա, որ իրենը համարի Հայաստանի ամեն մի կտորը»-ասում է Զաքունցը։

Մարդկանց մոտ նաև այդ գիտակցումն արթնացնելու համար են այսօր պայքարում զոհված տղաների հարազատները, որպեսզի մի օր չարթնանանք ու պարզվի, որ Հայաստան պետություն այլևս չկա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ