24 03 2022

Պարզել ենք` Արցախ ուղարկած 293 մլն-ը մարդկանց պարգևավճարներն է եղել, ոչ թե՝ «Հայաստան» հիմնադրամից․ Ավետիսյան



«Ըստ Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկանքի՝ 2021 թ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 7 մլրդ 607 մլն դրամ՝ Արցախի Հանրապետությանն ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման համար, իսկ կառավարության համապատասխան որոշման մեջ գրված է, որ հատկացվել է 7 մլրդ 548 մլն դրամ»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված գումարների օգտագործումը քննող հանձնաժողովի նիստում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Պատգամավորը փաստեց, որ փաստաթղթերում գրված գումարների միջև բացասական տարբերությունը կազմում է 60 մլն դրամ, և ստացվում է, որ Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ այդ գումարը ծախսվել է, իսկ կառավարության ներկայացրած հիմքից պարզվել է, որ այդքան չի հատկացվել:

Ավետիսյանը նաև նշեց, որ 2021 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատած Մեսրոպ Առաքելյանը քննիչ հանձնաժողովին հայտնել է, որ Ֆինանսների նախարարության կողմից որպես «Հայաստան» հիմնադրամից ծախսված միջոց  ներկայացված գումարն իրականում եղել է նախարարության աշխատակազմի՝ պարգևատրումից հրաժարման արդյունքում խնայված միջոցները:

«Այդ գումարն այնքան էլ փոքր չէ՝ Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամենօրյա աջակցության համար է եղել, որը կազմել է 293 մլն դրամ»,- հայտնեց Թադևոսյանը և հավելեց. «Ձեր տեղեկանքում գրված է, որ այն հատկացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 52.7 մլրդ դրամից, բայց հետո հանկարծ պարզել ենք, որ այդ 293 մլն-ը մարդկանց պարգևավճարներն է եղել՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆոնդից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ