23 03 2022

Մինչև 1 միլիոն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չի գանձվի

Մինչև 1 միլիոն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չի գանձվի

Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 1 միլիոն դրամի մաքսային արժեքով ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ: 

«Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսավարող սուբյեկտներին չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող ընդհանուր մաքսային արժեքը՝ 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները», - նշեց նա:

Նախարարը նշեց, թե փոփոխությունն ուղղված է նաև մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես, վերոնշյալ իրավական կարգավորման շրջանակում տնտեսավարողները ցածր արժողությամբ ապրանքների արտահանման դեպքում ազատվում են պետական տուրքի վճարման պարտավորությունից, ինչը կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի, ինչպես նաև առևտրի ավելացմանը:

Նախագծով սահմանվում է, որ պետական տուրքից ազատվում են մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող (բացառությամբ՝ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող ապրանքները, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող ապրանքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ