Դեռ նախորդ օրվանից սկսված և մինչև այժմ շարունակվող ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը:
Մասնավորապես, ահազանգ է ստացվել Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերից։ Թորոսգյուղում վնասվել է դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում` մշակույթի տների տանիքները, նշված բնակավայրերում վնասվել են նաև մի շարք տների և օժանդակ շինությունների տանիքներ, արևային ֆոտովոլտային կայաններ։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուները օպերատիվ կապի մեջ են բոլոր համայնքների ղեկավարների և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ` անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու, իրավիճակը հսկողության տակ պահելու նպատակով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը