Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում էր նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը։
Ահարոն Խաչատրյանը երդվեց՝ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքին։
«Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նյութական և հոգևոր վերելքին»,- նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունները համայնքապետի պաշտոնում առաջադրել էին Ահարոն Խաչատրյանին, իսկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չէր առաջադրել: 14 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին Ահարոն Խաչատրյանին ընտրեց համայնքապետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը