20 01 2021

Հայաստանում է գտնվում է մոտ 40 հազար արցախցի, կառավարությունը աշխատանք է առաջարկում 2000-ին

Հայաստանում է գտնվում է մոտ 40 հազար արցախցի, կառավարությունը աշխատանք է առաջարկում 2000-ին

ՀՀ կառավարությունը պատերազմի ավարտից երկու ամիս անց որոշել է լուծել պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիների աշխատանքի տեղավորման հարցը: Նախօրեին սոցապ փոխնախարարը ներկակացրեց երկու ծրագրիր և նշեց ոլորտները: Նախնական հաշվարկներով, երկու ծրագրով մոտ երկու հազար շահառու կարող է լինել:

Հետաքրքիր է, թե ինչ հաշվարկներով է առաջնորդվել նախարարությունը․ պատերազմի օրերին պաշտոնապես հայտարարվեց, որ Արցախի բնակչության 60 տոկոսը տեղափոխվել է Հայաստան: Ստացվում է, որ շուրջ 90 հազար արցախցի Հայաստանում էր: Կապիտուլյացիայից հետո, չնայած դեռ բազմաթիվ խնդիրներ կան Արցախում լուծելու, արցախցիները սկսեցին հետ վերադառնալ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար թվեր է ներկայացնում: Ըստ վերջին հրապարակած տվյալների՝ Արցախ է վերադարձել շուրջ 50 հազար քաղաքացի: Ստացում է, այս պահին Հայաստանում առնվազն գտնվում է 40 հազար արցախցի, իսկ պետությունը աշխատանք է առաջարկում մոտ 2000-ին, այն էլ՝ պատերազմի ավարտից երկու ամիս անց:

Բացի այդ, շատ լուրջ հարց է՝ արդյո՞ք իշխանությունը կկարողանա լուծել գոնե այդ քաղաքացիների աշխատանքի հարցը, քանի որ այս մասով կառավարության փորձերը, մեղմ ասած, արդյունավետ չեն եղել:

Այսպես, կորոնավիրուսի հետևանքով, երբ փակվեցին սահմանները և արտագնա աշխատանքի մեկնող մեր բազմաթիվ քաղաքացիներ բախվեցին լրջագույն խնդրի, կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ասաց՝ այլընտրանք ենք առաջարկում՝ «կաշխատեք ՀՀ-ում, շինարարության վրա»: Մարզպետարաններում անգամ հավաքագրում սկսեցին, հավանաբար տեղորոշեցին այդ մարդկանց և այսքանը։ Ինչ եղավ հետո, ոչ ոք տեղյակ չէ:

Անգամ, երբ սոցապնախարարին այդ հարցն է ուղղվում, չի կաշկանդվում և անկեղծ պատասխանում է՝ տեղյակ չեմ:

Համարյա նույն ճակատագրին արժանացան նաև կորոնավիրուսի հետևանքով տուժած մյուս ոլորտների աշխատողներն ու շահառուները:

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ