15 08 2020

Հայաստանը ծրագրեր է մշակում լիբանանահայերին ընդունելու համար․ Բաթոյան

Հայաստանը ծրագրեր է մշակում լիբանանահայերին ընդունելու համար․ Բաթոյան

ՀՀ կառավարությունը սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր է մշակում այն լիբանանահայերի համար, որոնք Լիբանանը լքելու և Հայաստանում հաստատվելու ցանկություն կհայտնեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Լիբանանում տեղի ունեցած պայթյունից հետո բնական է, որ Բեյրութում ապրող մեր հայրենակիցները և հատկապես ՀՀ քաղաքացիները պետք է ակնկալեին Հայաստանի Հանրապետության աջակցությունը: Հիմա, երբ կառավարությունն առաջին օգնությունը ցուցաբերել է Լիբանանին, առաջին քայլերն արված են, մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ եթե այնտեղ ապրող մեր հայրենակիցները որևէ պատճառով որոշեն հեռանալ Լիբանանից, ապա նրանց հանգրվանը դառնա մեր երկիրը, որպեսզի ազատ, երջանիկ և բարեկեցիկ ապրելու համար նոր հնարավորությունը ստանան հենց Հայաստանում»,- գրել է Բաթոյանը:

Նախարաը նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստան գալուց հետո նրանք այլ երկիր տեղափոխվելու մասին չմտածեն, ինչպես դա պատահեց շատ սիրիահայերի դեպքում:

 

«Այս նպատակով առաջին հերթին սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր պետք է մշակել և գործող ծրագրերը վերանայել: Այս ուղղությամբ աշխատանքները սկսված են և նախարարությունը ևս մասնակցում է քննարկումներին»,- նշել է Զարուհի Բաթոյանը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Հայաստանից դեպի Բեյրութ իրականացվել է հումանիտար օգնության երեք չվերթ: Առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին` Արցախի ժողովրդի անունից, երրորդը՝ օգոստոսի 11-ին: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել հումանիտար օգնություն, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ, սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա՝ նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:

Հայաստանից ուղարկված երեք օդանավերով Լիբանանից Հայաստան է ժամանել շուրջ 100 հայ, որոնք Բեյրութում բնակվելու խնդիրներ են ունեցել նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո:

Տարբեր չվերթներով հուլիսի 14-ից Լիբանանից Հայաստան 400-ից ավելի մարդ է եկել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ