Կենսաթոշակների նշանակման գործընթացները կվերակազմակվեն։ Այս մասին գրառում է կատարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով Կառավարության գործունեության ծրագրում ամրագրվել են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում կառուցվածքային փոփոխություններ:
Ներկայումս կենսաթոշակ, նպաստ և սոցիալական ծրագրերով նախատեսված մի շարք դրամական վճարների նշանակման և վճարման գործառույթներն իրականացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության 51 տարածքային բաժինները։
Նույն մարմինն իրականացնում է թե´ դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրումը, թե´ բուն մասնագիտական գործառույթը՝ կենսաթոշակների նշանակման և վճարման վերաբերյալ որոշումների կայացումը։
Այս գործընթացը խնդրահարույց է մի քանի պատճառով․
տարածքային բաժնի աշխատակիցը անձամբ սպասարկում է քաղաքացուն, միաժամանակ իրականացնելով որոշման կայացման գործառույթ, ինչը տարբեր հմտություններ պահանջող աշխատանք է ենթադրում, հետևաբար նաև հավելյալ ժամանակ և ռեսուրսներ է խլում,
որոշումներ ընդունող անձնակազմի և շահառուների միջև շփումը ռիսկային է կայացվող որոշումների օբյեկտիվության տեսանկյունից,
հնարավոր ռիսկերի առկայությունը բացասաբար է ազդում համակարգի հանդեպ քաղաքացիների վստահության վրա:
Ինչ ենք նախատեսում իրականացնել
Օգոստոսի մեկից կիրականացվի բարեփոխումների առաջին փուլը, որը կմեկնարկի մայրաքաղաքում.
Երևանում ամբողջությամբ կվերակազմակերպվեն Ծառայության տարածքային բաժինները և դրանց փոխարեն կձևավորվեն սպասարկման և նշանակման վարչություններ՝ իրենց բաժիններով (back office, front office):
Սպասարկման վարչության 10 բաժիններին կվերապահվեն միայն քաղաքացիներին սպասարկելու, դիմումներ ընդունելու, խորհրդատվություն մատուցելու գործառույթները, ինչը հնարավորություն կտա բարելավելու քաղաքացիների սպասարկման գործընթացը։
Նշանակման վարչության 5 բաժինները կենտրոնացված կարգով կիրականացնեն բացառապես դիմումների մշակման և որոշումների կայացման գործառույթներ, ինչի շնորհիվ պատասխանատուները կկենտրոնանան միայն թոշակի նշանակման գործընթացի վրա, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը։
Ներդրված նոր ծրագրային ապահովման շնորհիվ դիմումները աշխատակիցների միջև կբաշխվեն պատահականության սկզբունքով, բացառելով կենսաթոշակ նշանակող մասնագետների և քաղաքացիների շփումը:
Արդյունքում կբարձրանա որոշումների կայացման օբյեկտիվությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։
Կենսաթոշակի նշանակման գործընթացում մարդկային գործոնի նվազման պարագայում կբարելավվի համակարգի թափանցիկությունը և կավելանա համակարգի հանդեպ քաղաքացիների վստահությունը։
Սպասարկման բաժինները կշարունակեն գործել իրենց նախկին տեղակայման վայրերում, իսկ Նշանակման բաժիններն առանձին կենտրոնացված գրասենյակում։
Բարեփոխման հաջորդ փուլը կիրականացվի մարզերում՝ մինչև տարեվերջ»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը