24 06 2020

Տարեցները թունավորվել են․ սոցապնախարարությունը խուճապի մեջ է

Տարեցները թունավորվել են․ սոցապնախարարությունը խուճապի մեջ է

 

Թունավորվել են սոցապնախարարության ծերանոցի՝ Աղավնաձորում պահվող տարեցներն ու նրանց սպասարկող անձնակազմը։ Պատճառը, ըստ նախնական տվյալների, երեկ երեկոյան պատվիրված սնունդն է եղել։

Այս մասին տեղեկացնում է նախարարության Yerevan․Today-ի աղբյուրը՝ հայտնելով, որ խնամյալ տարեցներին չեն տեղափոխել Երևան՝ հավանաբար աղմուկից խուսափելու համար։ Այսինքն, թունավորումից տուժածները բժշկում են տեղում։ Նախարարությունում խուճապի մեջ են։

Փորձեցինք կապ հաստատել պանսիոնատի աշխատանքները համակարգող տնօրեն Հարութ Բաբայանի հետ՝ տարեցների վիճակից տեղեկանալու համար, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Անպատասխան մնացին մեր՝ ախատանքի և սոցիալական հարցերի նախարարություն զանգերը։  

Ո՞ւմ պարզունակ հաշվարկն է սկանդալից խուսափելու համար թունավորվածներին հիվանդանոց չտեղափոխելը՝ կպարզենք տեղում։ Մինչ այդ տեղեկացնենք՝ սա այն պանսիոնատն է, որն արհեստական մոտիվացիայով կառավարությունը հատկացրեց  Սոցապ նախարարությանը, որ, իբր, ժամանակավոր հանգրվան դառնա կորոնայից բուժված ծերանոցների շահառուների համար։

Հիշեցնենք՝ աբսուրդային որոշման պաշտոնական հիմքը դեռ չկար, բայց Բաթոյանի պահանջով  նախարարությունը շտապեց ծածուկ ծախսեր անել, ընդ որում՝ մեկ անձից գնումով և հրատապ կահավորեց սանատորիան՝ իբր ծերանոցի շահառուների համար։ Այսինքն՝ նախարարն ինքնավստահ գործել էր, պայմանագրեր էին կնքվել՝ առանց դրա  իրավական հիմքերն ապահովելու։ Կառավարության որոշումը չկար, բայց ակնկալվող 150 մլն դրամը, որ  պահուստային ֆոնդից պիտի իջեցվեր, փաստորեն ծախսվում էր մեկ այլ կառույցի հաշիվներից, և ահա այդ հաշիվներից Երևանից եկող սնունդն է պատվիրվել, որը ենթադրվում է որ եղել է պատճառը թունավորման։

Yerevan․Today ի հրապարակման մեջ նշել էինք, որ պանսիոնատի սնունդը պատրաստվում է ոչ թե տեղում, որը մատչելի կլիներ նախարարության համար, այլ Բաթոյանը նախընտրել է Երևանի ռեստորաններից մեկից պատվիրել։ Ընդ որում՝ օրական երեք մենյուով ընտրված սնունդը երեք անգամ առաքվում է Աղավնաձոր։ Մեր հարպարակմանը, ընդգծենք, հերքող տեղեկատվություն նախարությունը չտարածեց, ավելին՝ խուսափել և խուսափում են պանսիոնատի ու դրա սպասարկման ծախսերի մասին պաշտոնական տեղեկատվություն հրապարակել, պաշտոնական կայքում ևս ինֆորմացիա չգտնվեց։

Հուսանք՝ այսօրվա աղմուկը կստիպի նախարարությանը պատշաճ պարզաբանումներ տալ ոչ միայն ռեստորանից առաքվող սննդի, թունավորման դեպքի, այլև առհասարակ այս պանսիոնատի գործարկման նպատակի ու ծախսերի մասին։

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ