28 04 2020

Ապրել ենք նեղ օրվա համար պահած գումարով, հիմա դա էլ է վերջացել․ Կարեն Վարդազարյան

Ապրել ենք նեղ օրվա համար պահած գումարով, հիմա դա էլ է վերջացել․ Կարեն Վարդազարյան

«Երևանի միկրոավտոբուսային ՈւԱՏ» ՓԲԸ-նի նախկին աշխատակից Կարեն Վարդազարյանը հայտնվել է անելանելի վիճակում։ 2020 թվականի մարտի 10-ին նրան աշխատանքից հեռացրել են, իսկ այժմ նրա ընտանիքը չի կարողանում օգտվել կառավարության կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնող որևէ միջոցառումից։

«Կինս դեկրետում է, աղջիկս 1 տարեկան չորս ամսական է, տղաս 12 տարեկան է։ Առաջին անգամ կորոնավիրուսի հաստատումից հետո դպրոցները որ փակեցին, դիմեցի, ասացի՝ ուսանողությունը դասի չի գնում, ոչ մի բան չի աշխատում, պլաններն իջացրեք, ասեցին՝ ավտոն քաշի, կանգնացրու, դիմում գրի-ազատվի։ Պատասխանել եմ, որ դիմում չեմ գրի, հեռացման դիմումը տվեք, որ տանեմ դատարան։ Ու ամսի 10-ին հրամանով ազատել են։ Այս միջոցառումներից որևէ մեկը չի հասնում, քանի որ 2 օր շուտ են ազատել աշխատանքից, իսկ ըստ որոշման, աջակցություն հասնում է մարտի 13-ից հետո աշխատանքից ազատվածներին»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Վարդազարյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ դիմումներ է գրել և՛ կառավարություն, և՛ սոցապ նախարարություն, սակայն ոչ մի տեղից արձագանք չկա։ Միայն ՊԵԿ-ից է պատասխան ստացել՝ ուղղորդել են դիմել նախարարություն։

«Անելանելի վիճակում եմ հայտնվել, առողջության հետ կապված էլ խնդիր ունեմ։ Այս ընթացքում էլ ապրել ենք նեղ օրվա համար պահած գումարով։ Հիմա դա էլ է վերջացել, չգիտեմ՝ ինչ անեմ։ Ուզում եմ հասկանալ՝ այս հարցի լուծում լինելո՞ւ է, թե չի լինելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը վերաբերվում է մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիների միանվագ օգնության տրամադրմանը։ Միջոցառման շահառու են լինելու այն ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն 2020թ. հունվարի 1–ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ