«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2019 թվականից սկսած՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը անցկացվում էր ՀՀ անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին։ Միջոցառման շրջանակում համանուն հաղորդաշարի հերոսները պարգեւատրվում էին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պետական այրերի, մշակութային գործիչների, մարզիկների, հասարակական գործիչների կողմից։
2020 թվականին, ցավոք, այն վերջին անգամ նշվեց սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը. 2022 եւ 2023 թվականներին միջոցառումը կայացել է դեկտեմբերի վերջին օրերին։
Այս տարի ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է միջոցառումների կազմակերպման ծառայությունների պայմանագիր, որը արժեցել է 150 մլն դրամ: Այսինքն՝ մոտ 390 հազար ԱՄՆ դոլար կծախսվի պետբյուջեից «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության կազմակերպման ծառայություններն իրականացնելու համար: Պայմանագիրը կնքվել է հուլիսի 1-ին բաց մրցույթի ընթացակարգով։
Միջոցառումն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեւելու է 2 ժամ եւ նախատեսված է լինելու 1200 անձի համար։
Միջոցառման ընթացքում բեմադրության ժամանակ բեմի վրա կհայտնվի Անահիտ աստվածուհու հանրահայտ բրոնզե կիսանդրու խոշոր նմանակը, որը, ըստ պայմանագրի, կծառայի որպես անփոխարինելի կտավ՝ միջոցառման պրոեկցիոն հատվածի համար։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքի ձեւավորման համար տրամադրվել է 2,5 մլն դրամ, նախամուտքի կահավորման համար՝ 4,2 մլն դրամ, նախասրահի կահավորման համար տրամադրվել է 6 մլն 650 հազ. դրամ։ 1200 անձի հյուրասիրության արժեքը կազմելու է 6 մլն դրամ։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է 2 հաղորդավարներից յուրաքանչյուրին հատկացնել 2 մլն դրամ։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վարձակալությունը կարժենա 5 մլն դրամ։
Միջոցառումը նկարահանվելու է «Հանրային» հեռուստաընկերության կողմից եւ ցուցադրվելու է 2025 թվականի հունվարի 1-ին։ Ամբողջական տեխնիկական հագեցվածությունը կարժենա 25,6 մլն դրամ։
Հայաստանի ձեռքից անկախությունը խլող իշխանություններն անգամ սեպտեմբերի 21-ին որեւէ միջոցառում կազմակերպելու մտադրություն չունեն։ Հենց այս պատճառով 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի՝ Հայաստանի անկախության սպառնալիքների մասին հոխորտանքներից հետո Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած միջոցառման արդեն ավանդական դարձած օրը տեղափոխվեց տարեվերջ. այն Նիկոլ Փաշինյանի, ով հեղափոխական էր եւ ՀՀ արժեքների ու գոյության հիմքը համարում էր անկախությունը եւ ժողովրդավարությունը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ հենց նա ՀՀ բոլոր արժեքները դրեց հարցականի տակ:
Իսկ ինչ վերաբերում է մրցույթի հաղթող «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին, ապա նրանց արտոնյալ կարգավիճակի մասին «Հետք»-ը դեռ 2022 թվականին գրել էր, որ «Ընդհանուր հաշվով, «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն 2018-2022 թվականներին պետական տարբեր մարմինների հետ կնքել է 14 պայմանագիր, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,5 միլիարդ դրամ»։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին։
Ընկերությունը հիմնադրել են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը, որոնք մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 26-ը ունեցել են 50-ական տոկոս բաժնեմաս, սակայն այդ օրվանից մինչեւ հիմա ընկերության 100 տոկոսանոց բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին, որը զբաղեցնում է նաեւ ընկերության տնօրենի պաշտոնը։
Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանն ընկերներ են։ Տեր-Գալստյանը 2012-2017 թվականներին եղել է «Հանրային» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ Վազգեն Պողոսյանը՝ «Հանրայինի» գործադիր պրոդյուսերը։
2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վազգեն Պողոսյանը նշանակվել է հանրապետության նախագահի օգնական՝ Արմեն Սարգսյանի օրոք։
Մի խոսքով, «մերժված նախկինները» երիտհեղափոխականների հետ սերտաճել են ու գործում են առավել արտոնյալ պայմաններում:
Հավելենք, որ ընկերությունը կապվում է եւս մեկ անձի հետ. 2022 թվականի հոկտեմբերի 28-31-ը Հայաստանում կայացած «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» համար հատկացվել էր 308 մլն 904 հազար դրամ: Ընդ որում, գագաթնաժողովի կազմակերպումը վերապահված է եղել կրկին «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին, որը, ըստ մամուլի, փոխկապակցված է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը