15 04 2020

Քննարկել են 8-րդ միջոցառման շահառուների ցանկն ընդլայնելու առաջարկը

Քննարկել են 8-րդ միջոցառման շահառուների ցանկն ընդլայնելու առաջարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների մեղմման ուղղությամբ անելիքների քննարկումները։

Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Փաշինյանին զեկուցվել է հաստատված 12 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։ Նշվել է, որ բոլոր ծրագրերի մասով արձանագրվում է դրական դինամիկա, հայտերի հավաքագրման գործընթացը շարունակվում է, հաստատված դիմումների հիման վրա տրամադրվում է նախատեսված տնտեսական եւ սոցիալական օժանդակությունը:

Իրականացվում է նաեւ շահառուների տվյալների բազաների թվայնացում։ Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել ուշադրության կենտրոնում պահել միջոցառումների կատարումը՝ կարեւորելով նաեւ թվայնացման աշխատանքների պատշաճ իրականացումը, քանի որ թվային օրակարգը կառավարության առաջնահերթություններից է։

Խորհրդակցությանը ներկայացվել են սոցիալական եւ տնտեսական աջակցության նոր գաղափարներ։ Մասնավորապես, քննարկվել է 8-րդ միջոցառման շահառուների ցանկում եւս մի քանի ոլորտների աշխատակիցներին ներառելու առաջարկը, արծարծվել է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված շահառու ընտանիքներին եւս որոշակի չափով աջակցություն տրամադրելու հարցը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին լրամշակել առաջարկները եւ ներկայացնել հաստատման։

Տնտեսական օժանդակության նոր միջոցառումների համատեքստում քննարկվել է տնտեսվարողներին խրախուսելու նոր գործիքների կիրառման հարցը։ Անդրադարձ է եղել հարկային վարչարարության գործիքակազմի բարելավմանը, թեմայի առնչությամբ ներկայացվել են մի շարք դիտարկումներ եւ առաջարկներ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը պետք է դիտարկել ինստիտուցիոնալ կարգավորումների փոփոխման եւ երկարաժամկետ կիրառման տեսանկյունից՝ հաշվի առնելով հարկային կարգապահության պահպանման կարեւորությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներին՝ համատեղ քննարկել եւ ներկայացնել փոխհամաձայնեցված տարբերակ։

Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաեւ պետություն-մասնավոր գործընկերության ներքո ենթակառուցվածքային ծրագրերի հեռանկարները, որոնք ուղղված կլինեն տնտեսական աճի ապահովմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ