Կառավարությունը դեկտեմբերի 26-ի նիստում մերժեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Հայկ Կնոջորյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակի կամ կերակրողին կորցնելու նպաստի իրավունքը առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսանողի պարագայում պահպանել մինչև ոչ թե նրա մինչև 23 տարեկանը լրանալը, այլ մինչև 26 տարեկանը լրանալը, հաշվի առնելով՝ 12-ամյա միջնակարգ կրթության համակարգին անցնելու և բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգին անցնելու հանգամանքները:
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է.
«Առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու ժամկետը փոխկապակցված է բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերի (նվազագույն) ժամկետներին և երբեք նպատակ չի ունեցել բարձրագույն կրթության ստանալու ամբողջ ժամանակահատվածում անձին ապահովել կենսաթոշակով։
Մասնավորապես, վերը նշված ժամկետը սահմանվել է, երբ հանրապետությունում գործել է միաստիճան բարձրագույն կրթության համակարգ, որի շրջանակներում բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերի տևողությունը, որպես կանոն, կազմել է 5 տարի։
Խնդրո առարկա տարիքի որևէ տարբերակում սահմանված չի եղել։
Միաժամանակ, 2002 թվականից ՀՀ-ում ներդրվեց բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ, որի առաջին աստիճանում ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է բակալավրի որակավորում (որպես կանոն՝ առնվազն 4 տարի ուսման տևողությամբ), իսկ երկրորդ աստիճանում շնորհվում է մագիստրոսի որակավորում (առնվազն 1 տարի ուսման տևողությամբ):
Ընդ որում, այս դեպքում ևս անձը հնարավորություն ուներ մինչև 23 տարին լրանալը ստանալ բարձրագույն կրթություն (ավարտել բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագիրը)։
Միաժամանակ, ներկայում շրջանառության մեջ է գտնվում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բարձրագույն կրթության համակարգում վերացնել առկա ուսուցման ձևը, իսկ բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը իրականացնել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ։
Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկում ենք առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու ժամկետի հարցը դիտարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի համատեքստում և քննարկել միայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած անձանց դեպքում այդ ժամկետը երկարաձգելու նպատակահարմարությունը։
Նախագծերի փաթեթի ընդունումը ենթադրում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացում, որի չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը