Կառավարության մարտի 21-ի նիստը մեկնարկեց վարչապետի զարմանքով: Հայաստանի «Արմաթ» լաբորատորիաների 260 խմբակավարներ աշխատավարձ չեն ստացել շուրջ երեք ամիս: Բանը հասել է այնտեղ, որ նամակ են գրել կառավարության ղեկավարին։ «Ես ուզում եմ հասկանամ՝ սենց բան հնարավոր ա՞ 21-րդ դարում, որ Հայաստանում որ մարդիկ, պետական համակարգի աշխատողներ երեք ամիս աշխատավարձ չստանան։ Ո՞վ կարող է սրա հետ կապված պարզաբանումներ տալ»,- կառավարության անդամներին դիմեց վարչապետը։ Պարզաբանումներ, իսկ ավելի լուրջ՝ պատճառավաբություններ տրվեցին իրար հետևից, և արդյունքում վարչապետի զարմանքը փոխվեց զայրույթի․ «Ուրիշ որևէ այլ գերատեսչության հետ կապված ես չունենամ նման դեպք, պլանավորեք, ժամանակին արեք, ոչ թե վերջին պահին եկեք, ասեք, որ սենց աղմուկ բարձրացավ, չէ էս աղուկը համարեք միշտ բարձրացած ա»:
Ուրիշ որևէ գերատեսչության հետ էլ նման դեպք վարչապետը տեսավ, հենց իր ֆեյսբուքյան էջին։ Մինչ մարտի 23-ի առավոտյան վարչապետն իրեն տվել էր հեռուստատեսային ժամանային ծրագիրն ըմբոշխնելուն և ապրումներն էլ համացանցում էր զետեղում, շատերը գուսանական երգերը գովերգելու փոխարեն դժգոհում էին իրենց խնդիրներից։ Օգտատերերից մեկը գրել էր․ «Բազմիցս կառավարության թեժ գծին ահազանգվել է, որ մի շարք դպրոցների աշխատակիցներ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձի մի մասը, փետրվար ամիսն ամբողջությամբ, և մարտն էլ ավարտվում է»։
Բնականաբար, մարդիկ հիշեցնում են, որ վարկեր ունեն փակելու, կոմունալ ունեն վճարելու և դրանից զատ ևս մեկ կարևոր բան, պարզապես պետք է սնվել։
Ընդ որում, ուսուցիչների աշխատավարձերի ուշացումների մասին բազմիցս է խոսվել։ Մի քանի ամիս է, ինչ տարբեր հարթակներում, ինֆորմացիոն տարբեր միջոցներով հանրապետության մի շարք դպրոցների ուսուցիչներ բարձրաձայնում են, որ իրենք աշխատավարձ չեն ստանում:
Իսկ ահա օրերս տեղեկություն ստացվեց շատ ավելի զավեշտալի դեպքի մասին․ «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել արդեն 8-9 ամիս։ Այսինքն, մարդիկ աշխատավարձ չեն ստացել սկսած Նիկոլ Փաշինյանի վարչապետ պարտադրվելուց։
Եվ իհարկե՝ միայն նրանցով ցանկը չի սահմանափակվում, աշխատավարձ չեն ստանում մարզահամերգային համալիրի աշխատողները, չեն ստացել Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի և Մատենադարանի աշխատողների մի մասը։ Ուշացումով են վճարվում նաև սոցիալական նպաստները։ Պետությունը չի փոխհատուցել որոշ զինծառայողների՝ օրենքով սահմանված բնակարանային վարձավճարը։
Աննախադեպ բառն օգտագործել սիրող Նիկոլ Փաշինյանին արժե տեղեկացնել, որ սա իրոք աննախադեպ է՝ 98 թվականից ի վեր։ Շատերի մոտ գուցե սա առաջացնի դեժավյու՝ շփոթելով 90-ական թվականների հետ: Ինչպես ասում են, լավագույն նորը վաղուց մոռացված հինն է:
Իսկ եթե պետական սեկտորում մարդիկ աշխատում են ու չեն ստանում աշխատավարձ, այսինքն՝ ենթարկվում են պարզ թրաֆիքինգի, սա ի՞նչ ազդակ է մասնավոր հատվածի գործատուներին, օրինակ՝ տաջիկների աշխատացնող ֆերմերին կամ, ասենք, Արմավիրի գազելների գծատիրոջը։
Բարի գալուստ՝ նոր իրականություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը