11 03 2019

Ինչպե՞ս ապրել 34 հազար դրամով. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս ապրել 34 հազար դրամով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2018 թվականի միջին ընթացիկ գներով կազմել է 61 հազար 113 դրամ` ամսական կտրվածքով: Իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34 հազար 527 դրամ` ամսական կտրվածքով, մինչդեռ 2017 թվականի ընթացքում պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով կազմել է 32 հազար 439 դրամ:

 Անցած տարվա չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով` նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 61 հազար 113 դրամ էր, իսկ մեկ տարվա կտրվածքով, 2017 թվականի չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով` 57 հազար 417 դրամ: Այսինքն` սպառողական զամբյուղը, թե՛ ամսական, թե՛ տարվա կտրվածքով, թանկացել է: Նշենք, որ պարենային և սպառողական զամբյուղների արժեքները հաշվարկել և հրապարակել է ՀՀ Վիճակագրական կոմիտեն` ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի:

Պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին` օրական 2412.1 կկալ: Բայց 2018 թվականին Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 1 շնչի հաշվով կազմել է 2232 կկալ: Ի դեպ, այս ցուցանիշը տարիների ընթացքում թեեւ չնչին, բայց ավելացել է. եթե 2012 թվականին 1 շնչի կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 2169 կկալ է կազմել, ապա 2013 թվականին այն 2090 է եղել, 2014-ին` 2043 կկալ, 2015-ին` 2058, իսկ 2016-ին` 2090 կկալ: Բայց, ըստ վիճակագրական կոմիտեի, ե՛ւ 2017-ին, ե՛ւ 2018-ին մեկ շնչի հաշվով օրական էներգետիկան անփոփոխ է մնացել: Ըստ որոշ հետազոտությունների` օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը կազմել է ավելի քան 50 տոկոս: Մասնագետները համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են:

Ի դեպ, որոշ հետազոտությունների համաձայն` թերսնումը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, այդ թվում` գիրության, ինչն էլ իր հերթին տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Թերսնում է համարվում նաեւ, երբ մարդիկ հիմնականում սնվում են հացով եւ կարտոֆիլով: Ըստ հաշվարկների` յուրաքանչյուր օր մարդ պետք է ստանա առնվազն 355 գրամ հացամթերք, 250 գրամ հաց, 100 գրամ միս, 0.5 հատ ձու, 300 գրամ բանջարեղեն (կաղամբ, գլուխ սոխ), 200 գրամ միրգ (խնձոր), սուրճ կամ հյութ եւ այլ սննդամթերք:

 Բայց, մյուս կողմից, նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի միջին չափը կազմում է 40 հազար 548 դրամ: Համաձայնեք, որ այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել: Իսկ կոմունալ վճարների, հագուստի, կոշիկի եւ, ամենակարեւորը, դեղորայքի մասին պարզապես լռում ենք: Իսկ, ահա, նվազագույն աշխատավարձը մեր երկրում կազմում է 55 հազար դրամ: Այժմ փորձենք հասկանալ, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Ներկայացնում ենք մեկ օրվա սպառողական զամբյուղի ծավալը, որի արդյունքում եւ կստանանք ամսական սպառողական զամբյուղի իրական պատկերը: Տավարի մսի 100 գրամը, դարձյալ վիճակագրական կոմիտեի 2018 թվականի տվյալներով, կազմել է մոտ 300 դրամ: Երկու հատ ձուն` 120 դրամ, իսկ, ահա, 90-100 գրամ հացը տատանվում է 130-140 դրամի սահմաններում: Արձանագրենք, որ մեր հանրապետությունում վերջին շրջանում նկատելիորեն թանկանում են պարենային եւ ոչ պարենային ապրանքները, իսկ այս դեպքում ուղղակի անհնար է պատշաճ գոյատեւել անգամ միջին եկամուտ ունեցող մարդու համար: Մյուս կողմից` նկատենք, որ մեր երկրում ընտանիքների մեծ մասում մեկ անձը ստանում է մոտ 150 հազար դրամ աշխատավարձ, իսկ եթե այդ ընտանիքը բաղկացած է 4 կամ 5 հոգուց, ապա յուրաքանչյուրին բաժին կհասնի նվազագույն զամբյուղի գումարից քիչ գումար: Եվ սա այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղում ներառված է միայն սննդի համար նախատեսված գումարը: Օրինակ` Ավստրալիայում 1 լիտր կաթը հնարավոր է գնել 1.1 դոլարով` 535 դրամով, այն դեպքում, երբ Հայաստանում նույնքան կաթ կարելի է ձեռք բերել 250-300 դրամով: Բայց ավստրալացիների միջին տարեկան աշխատավարձը կազմում է ավելի քան 51 հազար դոլար, իսկ Հայաստանում` շուրջ 3696 (եթե անձը ամսական 150 հազար դրամ է ստանում, տարեկան` 1 մլն 800 հազար դրամ) դոլար: Մեծ Բրիտանիայում միջին տարեկան աշխատավարձը կազմում է 41 հազար 710 դոլար, իսկ Հայաստանում` 3696 դոլար:

Գերմանիայում սպառողական զամբյուղը ներառում է մոտ 750 տեսակի ապրանքներ ու ծառայություններ կյանքի տարբեր ոլորտներից: Բուլղարիայում սպառողական զամբյուղը միջին եվրոպականից էժան է 51 տոկոսով, իսկ նվազագույն աշխատավարձն այստեղ ամենացածրն է ԵՄ երկրների շարքում` 184 եվրո: Մակեդոնիայում եւ Ալբանիայում, որոնք ԵՄ անդամ չեն, մինիմալ աշխատավարձը զիջում է նույնիսկ Բուլղարիային` 157 եվրո: Ի դեպ, կան այնպիսի երկրներ, որտեղ մինիմալ աշխատավարձն անցնում է 1000 եվրոյից` Մեծ Բրիտանիա` 1379 եվրո, Ֆրանսիա`1458 եվրո, Իռլանդիա` 1462 եվրո, իսկ Բելգիայում եւ Նիդեռլանդներում այն հասնում է 1500 եվրոյի: Եվրոպայի ամենաբարձր նվազագույն աշխատավարձը գրանցվել է Լյուքսեմբուրգում` 1900 եվրո: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ֆրանսիայում սպառողական զամբյուղը, բացի անհրաժեշտ մթերքներ ու ծառայություններ պարունակելուց, ներառում է նաեւ այցելություններ ռեստորաններ եւ գեղեցկության սրահներ: Իսկ Մեծ Բրիտանիայում սպառողական զամբյուղում ներառված են տան վերանորոգման կամ այգեգործության համար պիտանի իրեր: Ստացվում է, որ Արեւմուտքում սնունդը բնակչության միակ հիմնական պահանջը չի համարվում:

Եվրոպացիները խիստ ուշադրություն են դարձնում «հոգեւոր սննդին»` սպառողական զամբյուղում ընդգրկելով թատրոնի եւ կինոյի տոմսեր, գրքերի, ինչպես նաեւ լողավազաններ եւ ֆիթնես ակումբներ: Եվրոպական սպառողական զամբյուղից դուրս չեն մնացել նաեւ բջջային ծառայություններն ու ինտերնետը: Իհարկե, Հայաստանի կառավարության որեւէ պատասխանատու չի կարող 34 հազար 527 դրամով ապրել մի ամբողջ ամիս: Եթե անգամ նա կարողանա, ապա լավ կլիներ, որ այդ փորձով նա կիսվեր մեզանից յուրաքանչյուրի հետ: Իսկ եթե ավելի լուրջ, իսկապես, ինչպե՞ս ապրել 34 հազար դրամով»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ