27 12 2018

Իսկ Պաշտպանության նախարարը 5 մլն դրամով ի՞նչ տուն կգնի

Իսկ Պաշտպանության նախարարը 5 մլն դրամով ի՞նչ տուն կգնի

Կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 5 միլիարդ 705 միլիոն դրամ հատկացնել Պաշտպանության նախարարությանը: Գումարը տրամադրվելու է զինվորական ծառայության ընթացքում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող և սահմանված կարգով 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար:

Շահառուների թիվը 1140 նախկին զինվորականներ են, որոնցից 326-ը   ՝ Երևան քաղաքում:

Կառավարության օգնությունն իրականում կարելի է համարել չնչին։ Յուրաքանչյուրին տրվելու է միջինը 5 միլիոն 4 հազար 386 դրամ՝ շուրջ 10 400 դոլար։ Այդ գումարով բնակարան ձեռք բերելը պարզապես աբսուրդ է, այն էլ հիմա, երբ երկրի վարչապետը հպարտանում է, որ մեր երկրում բնակարանների գները թանկացել են։ Ավելին, եթե նշված գումարը հատկացվի միայն Երևանում բնակվող 326 հոգուն, կկազմի 17․5 մլն դրամ, ինչը նորմալ է մեկ բնակարանի համար։ Իսկ Երևանում բնակվողը 5 մլն դրամով, վստահաբար, ոչինչ չի կարող գնել։

Պաշտպանության նախարարն ասում է, որ այս կերպ փորձում են բեռնաթափել Երևանի բնակարանային պահանջարկը և հնարավորություն ընձեռել այլ համայնքներում բնակարան ձեռք բերել կամ կառուցել: Սակայն կառավարությունը որևէ իրավունք չունի Երևանում բնակվողին ստիպել բնակարան ձեռք բերել մարզերում։ Իսկ քիչ գումարի հատկացումը նույնն է, թե ստիպել տեղափոխվել Երևանից։

 Ի դեպ, թոշակառու սպաները բողոքի ակցիա են նախատեսում Կառավարության շենքի առջև՝ ծրագիրը համարելով խեղկատակություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ