Քարոզարշավի թունդ ընթացքում հրապարակվեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» հետազոտությունը: Ընտրապայքար մխրճված կուսակցություններից ոչ մեկը չնկատեց: Այնինչ, հետազոտությունը, կարծես, արված էր ճիշտ այս պահին հրապարակելու համար: Այս մասին գրում է 168․am-ը։
Աղքատության մակարդակը 2017թ. կազմել է 25,7 տոկոս: Այսինքն` երկրի ամեն 10 բնակչից 4-ը (նույնիսկ՝ մի փոքր ավելի) գնահատվում է աղքատ: Պաշտոնական վիճակագրությունը մեր երկրի աղքատ բնակչությանը դասակարգում է երեք խմբերի: Աղքատ են համարվում այն չափահաս անձինք, ովքեր ամսական 41 հազար 612 դրամից պակաս են «տնօրինում»: Նրանց քանակը մեր երկրում 766 հազար է: Այս թվից 316 հազարին սոցիալական ոլորտի իշխանությունն ու մասնագետները համարում են չափավոր աղքատ: Որովհետև այս խումբն ամսական ծախսում է 34 հազար 253 դրամ:
Աղքատ բնակչության մեջ 42 հազար մարդ համարվում է ծայրահեղ աղքատ` նրանք ամսական 24 հազար 269 դրամից պակաս են ծախսում: Այս թիվը պաշտոնապես անվանվում է աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ: Սպառման այդ գիծը նվազագույնն է: Դրանից պակաս դրամ սննդի վրա ծախսող մարդը, ենթադրվում է, որ պիտի ապրի քաղցի պայմաններում: Աղքատության նկարագիրն ամբողջական դարձնելու համար նշվում է, որ երկրի աղքատ բնակչության մոտ 60 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում:
Ընտանեկան տնտեսություններում կատարված հարցումները ցույց են տալիս, որ երկրի միայն 13,1 տոկոսն է իրեն համարում աղքատ: Այսինքն՝ պաշտոնապես աղքատ համարվող երկու բնակչից մեկն իրեն այդպիսին չի համարում: Ասեք, որ տարօրինակ է:
Բայց այս փաստը թեման ուսումնասիրող մասնագետները հրապարակում են իրենց բոլոր հետազոտություններն ամփոփելիս: Բնակչության սուբյեկտիվ գնահատականն այս հարցում էապես տարբերվում է պաշտոնական-մասնագիտական գնահատականներից:
Իրերի ու իրավիճակի նման ընկալումը բնակչության կողմից մեր բոլոր իշխանություններին լայն հնարավորություն է տվել տնտեսական լայնածավալ ռեֆորմներ իրականացնել: Ու դրանցից ոչ մեկն իր սոցիալ-տնտեսական հետևանքներով արժանի չի եղել կրելու այդ բառի հայերեն` բարեփոխում անունը:
Թե ի՞նչ կլինի առաջիկայում՝ դժվար է կանխատեսել: Լուրջ տնտեսական բաղադրիչ չունեն ընտրապայքարի ելած քաղաքական ուժերը: Ոչ հիմնական հավակնորդը, ոչ երկրորդ տեղի համար պայքարողները:
Այնպես որ, առայժմ արձանագրենք՝ 2017թ. տվյալների ամփոփմամբ աղքատ է երկրի բնակչության 25,7 տոկոսը: Մնացածն իրականության սուբյեկտիվ ընկալում է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը