Կենսաթոշակների չափերի բևեռացումը շարունակում է մնալ համակարգի խնդիրներից մեկը, և բևեռացման մեղմելը, կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթահարելը համարվում է խիստ կարևոր:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։
«Չնայած միջին պետական կենսաթոշակը մոտ 42.000 դրամ է, սակայն կան պետական պաշտոնյաններ, ովքեր ստանում են նույնիսկ 1.000.000 դրամից ավելի կենսաթոշակ:
Շրջանառության մեջ եմ դրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ, համաձայն որով առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ, որը չի կարող գերազանցել նվազագույն կենսաթոշակի տասնապատիկը։
Արդյունքում պետական պաշտոնյաների կենսաթոշակը ուղղակիորեն կապվելու է քաղաքացիների կենսաթոշակի հետ և պետական պաշտոնյաները, ովքեր պատասխանատվություն են կրում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի համար, կկարողանան բարձրացնել իրենց թոշակը միայն քաղաքացիների կենսաթոշակը բարձրացնելուն զուգահեռ»,– իր էջում գրել է նախարարի պաշտոնակատարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը