Գործազրկությունը շարունակում է մնալ երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։
Նախարարի պաշտոնակատարի գրառման մեջ, մասնավորապես, նշված է.
«Աշխատանքի արդյունքի մասին՝ թվերով
2018թ. 2-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 15,7 տոկոս (նոր մեթոդաբանությամբ՝ 20,2 տոկոս)՝ նախորդ եռամսյակի 17,6 տոկոսի (նոր մեթոդաբանությամբ՝ 20,6 տոկոս) եւ 2017թ. 2-րդ եռամսյակի 17,8 տոկոսի (նոր մեթոդաբանությամբ՝ 20,5 տոկոս) համեմատ:
Թեեւ առկա է որոշակի դրական տեղաշարժ, սակայն գործազրկությունը շարունակում է մնալ երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը: Այդ առումով կառավարությունը որդեգրել է աշխատանքի խրախուսման քաղաքականություն եւ արվում է առավելագույնը ստեղծել այնպիսի տնտեսական միջավայր, որի կապահավի նոր աշխատատեղեր եւ նաեւ արժանապատիվ աշխատավարձ:
Միեւնույն ժամանակ, նվազել է նաեւ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը՝ սեպտեմբերի վերջին կազմելով 66,700 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 10 տոկոսով: Ընդ որում, Նախարարության Զբաղվածության պետական գործակալության միջոցով աշխատանքի տեղավորվածների քանակը այս տարվա 3-րդ եռամսյակում կազմել է 3,500 մարդ, որը ավելի է 1,500-ով նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ:
Կանխելով հարցերը՝ զուտ համեմատելի վիճակագրական տվյալներ են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը