ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից և արագ լուծել հնարավոր չէ, միևնույն ժամանակ, նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում, անելու է առավելագույնը արձանագրելու թեկուզ փոքր ձեռքբերումներ: Այդ կապակցությամբ, Կառավարության քննարկման եմ պատրաստվում ներկայացնել փոփոխության առաջարկ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման մեջ:
Առկա նպաստների չափերը իհարկե հեռու են բավարար լինելուց, սակայն 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում առկա է հնարավորություն կատարել հնավորինս փոքր փոփոխություններ: Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ: Նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա: Առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ և արդյունավետ լուծում՝ վերանայելով նաև ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը