Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ ուղիղ եթերներից մեկի ժամանակ անդրադարձավ ժամկետային զինծառայողներին առնչվող մի խնդրի, երբ ծնողները ստիպված են լինում բանակում գտնվող որդիների համար ուղարկել զինվորական կոշիկներ, ներքնաշորեր, հիգիենայի պարագաներ: Նա նշեց, որ զինվորին այդ ամենով ապահովելը պետության պարտավորությունն է, ինչը պետք է չդառնա ծնողների հոգսը:
«Ես այսօր առավոտյան այս հարցը շատ խիստ դրել եմ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների առաջ և ստացել հավաստիացում, որ կարող եմ պաշտոնապես հայտարարել հետևյալը. ժամկետային զինծառայողների մեր հարգելի և սիրելի ծնողներ, դուք առանց այն էլ շատ մեծ ծառայություն եք մատուցել հայրենիքին, երբ որ ձեր զավակներին ուղարկել եք հայոց բանակ՝ ծառայության: Եվ հետևաբար մեր պետությունը պարտավոր է ձեր զավակներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, սկսած հիգիենայի պարագաներից, վերջացրած հագուստով, ներքնաշորերով և իհարկե սննդով»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի այս հորդորից մեկ շաբաթ անց՝ մայիսի 17-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով, 2018 թ երկրորդ կիսամյակում ՀՀ ԶՈւ-երում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար։
Մեզ հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ որոշումը վարչապետի հանձնարարականի արդյունք էր, միևնույն ժամանակ նշեց, որ գործընթացը շարունակական է, պարզապես ժամկետներն են արագացրել:
Մեր այն հարցին, թե մինչև այժմ հիգիենիկ ի՞նչ միջոցներ են տրամադրվել զինծառայողներին և ի՞նչ հաճախականությամբ, ՊՆ մամուլի խոսնակն ասաց.
«Մինչև հիմա տրամադրվել են մեկանգամյա օգտագործման ներքնաշորեր, շաբաթը մեկ անգամ: Ինչ վերաբերում է լվացքի մեքենաներին, ապա դա ոչ բոլոր տեղերում է եղել: Քանի որ զինծառայողները չեն օգտվել լվացքի մեքենաներից, դրա անհրաժեշտությունը չի եղել: Իսկ հիմա ամեն ինչ արվելու է, որպեսզի բոլոր տեղերում ապահոված լինեն լվացքի մեքենաները»:
Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ հիմա գերակա խնդիր է նաև այնպես անել, որ շաբաթական մեկ անգամ լողանալու փոխարեն զինծառայողները կարողանան իրենց անձնական հիգիենայի մասին հոգ տանել ամեն օր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը