«Մայիսի 18-ի երեկոյան Ամուլսարի շինարարական աշխատանքների ժամանակ վնասվել է Գնդեվազ համայնքը սնուցող ջրագծերից մեկը՝ շինարարական 7-րդ հարթակի ստորին հատվածում, որի հետևանքով համայնքին մատակարարվող ջրին հող է խառնվել։ Վնասված ջրագծով ջրամատակարարումը դադարեցվել էր»,- հայտնում է «Լիդիան Արմենիա»-ն՝ հայցելով համայնքի բնակիչների ներողամտությունը։ Միաժամանակ, ընկերությունը հավելում է, որ այժմ, արդեն, ջրագիծը վերանորոգված է, վթարի հետևանքները՝ վերացված: Ջրամատակարարումը վերականգվել է:
Ընկերությունը ներկայումս իրականացնում է ոռոգման ջրամբարի մաքրման աշխատանքներ, որը նախատեվում է ավարտել մայիսի 20-ին:
«Լիդիան Արմենիա»-ն հայտնում է, որ ջրամատակարարման դադարեցման ընթացքում Գնդեվազ համայնքի բնակիչներին ապահովել է խմելու ջրով։
«Լիդիան Արմենիան» ճանապարհների և որոշ ենթակառույցների շինարարական աշխատանքերի իրականցման համար ներգրավել է հայաստանյան մոտ մեկ տասնյակ մասնագիտացված կապալառուներ։ «Արդեն մոտ երկու տարի տևող լայնածավալ շինարարական աշխատանքների ընթացքում ջրագիծը վնասվում է երրորդ անգամ։ Շինարարական աշխատանքների ժամանակ կապալառու ընկերության կողմից նման դեպքերը դժվար է ամբողջությամբ բացառել, այդուհանդերձ, «Լիդիան Արմենիայի» համար անընդունելի է այդպիսի թերացումը։ Ընկերությունը պատրաստվում է դիմել համապատասխան լիազորված մարմիններին՝ տեղի ունեցածի լիարժեք քննություն իրականացնելու համար։ «Լիդիան Արմենիան» կապալառու ընկերությունների է ներգրավել միայն շինարարական աշխատանքներում, իսկ հանքարդյունաբերական գործունեությունը «Լիդիան Արմենիան» իրականացնելու է բացառապես սեփական մասնագետների միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը