ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Զատիկի տոներին ընդառաջ խստացրել է ձվի շուկայի վերահսկողությունը՝ շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի և դիտանցումների փոխարեն անցնելով ամենօրյա ռեժիմի: Այս մասին հայտնում է հանձնաժողովը:
Այդ նպատակով ՏՄՊՊՀ աշխատանքյաին խումբը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևանի մանրածախ խոշոր վաճառակետերում, բացի այդ, Հանձնաժողովը համապատասխան տեղեկատվություն է պահանջել նաեւ տնտեսվարողներից՝ արտադրման, ներկրման եւ իրացման ծավալների, ինչպես նաեւ գնագոյացման վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ տարվա ընթացքում Ամանորյա և Զատիկի տոներին ընդառաջ ձվի պահանջարկը էականորեն ավելանում է, ուստի Հանձնաժողովն ուժեղացնում է վերահսկողությունը, որպեսզի թույլ չտրվեն չհիմնավորված գնային փոփոխություններ, ինչը կարող է վնաս պատճառել մի կողմից սպառողների, իսկ մյուս կողմից՝ բարեխիղճ տնտեսվարողների շահերին:
Սեզոնայնությամբ պայմանավորված, ինչպես նաև պահանջարկի նվազմանը զուգահեռ, ամառվա ամիսներին այս ապրանքատեսակի գները նվազում են իսկ հետագա ամիսներին՝ վերադառնում նախկին մակարդակներին:
Հանձնաժողովի մոտ առկա տվյալները, ինչպես նաեւ տնտեսվարողներից ստացված ցուցանիշները փաստում են, որ ընկերություններն ունեն բավարար պաշարներ ձվի պահանջարկը բավարարելու համար:
Բացի այդ, մի շարք ընկերություններ կարճաժամկետ պահանջարկի ավելացումը բավարարելու համար անհրաժեշտության դեպքում իրականացնում են նաև ներմուծումներ, ինչը հնարավորություն է տալիս նաեւ խուսափել խնդիրներից:
Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, ապա պետք է նշել, որ այս պահի դրությամբ ձվի մանրածախ գները հիմնականում կայուն են, իսկ որոշ տեսակների գծով գնային նվազեցումներ կան: Մասնավորապես, եթե 2018 թվականի հունվարին մանրածախ գները կազմել են 60-65 դրամ, ապա ներկայումս այն կազմում է շուրջ 50 դրամ:
Ինչ վերաբերում է 2017 թվականի հետ համեմատությանը, ապա նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին ձվի մանրածախ վաճառքի գները կազմել են 60-70 դրամ՝ ներկայիս 50 դրամի փոխարեն:
Ըստ Հանձնաժողովի վերջին տվյալների, շուկայում գործում են շուրջ 20 տեղական արտադրողներ և ներմուծողներ: Այդ ընկերություններից խոշորներն են «Լուսակերտի թռչնաֆաբրիկա», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնի թռչնաֆաբրիկա» ընկերությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը