Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը՝ հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Հատկապես հաշվի առնելով, որ օրեր անց Մարտի 8-ն է, մեկ անգամ ևս խստորեն նախազգուշացրեք կրթօջախների տնօրեններին՝ կանխել ու բացառել դրամահավաքության հնարավոր նախաձեռնությունները: Նաև նախազգուշացրեք, որ դրամահավաքության ցանկացած ահազանգ մանրակրկիտ կուսումնասիրվի և, հաստատվելու դեպքում, կրթօջախի տնօրենն անձամբ պատասխանատվություն կկրի դրա համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը