Արցախյան 32 կազմակերպություններ, ձևավորելով «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը», մարտի 6-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ:
Այսօր՝ մարտի 6-ին, «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված ասուլիսում «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորածների հարազատների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ասրյանն ընթերցեց հայտարարության տեքստը, որում ասվում է.
«ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի
Հարգարժա՛ն պարոն փոխվարչապետ,
Ուսումնասիրելով ՀՀ կառավարությունում քննարկվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագրի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ներպետական ակտերով ու պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական, իրավական, անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ճանաչվել է ՀՀ արդյունավետ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ,
Գնահատելով հայ ժողովրդի ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական աջակցությունն առ այսօր՝ չնայած բազմաթիվ խնդիրների ու կարիքների շարունակական առկայության,
Հիմք ընդունելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը,
Արտացոլելով Արցախի ողջ ժողովրդի մտահոգություններն ու տրամադրությունները՝
Արցախյան ներքոստորագրյալ կազմակերպություններս, ինչպես նաև Արցախի բռնի տեղահանված բնակիչներս ու մեր համախոհները Ձեզ ենք ներկայացնում հետևյալ առաջարկները՝
Այս ծրագիրը, միանշանակ, պետք է նպաստի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը: Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար:
Ի պատասխան տարաբնույթ պնդումների ու շահարկումների՝ ընդգծենք, որ մենք, բնականաբար, կողմ ենք պետական աջակցության բոլոր (այդ թվում՝ բնակարանային) ծրագրերին նաև ՀՀ մեր հայրենակիցների համար: Սակայն, մյուս կողմից, կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով մեր մեծագույն կորուստները և Արցախի ժողովրդի ու, առհասարակ, փախստական անձանց հանդեպ ՀՀ ստանձնած միջազգային ու ներպետական պարտավորությունները:
Այս առաջարկների հիմնավորումները և մնացած մանրամասները կարող ենք ներկայացնել հանրային քննարկումների ընթացքում: Մենք միաժամանակ պատրաստ ենք ցանկացած ձևաչափով հանդիպումների ու քննարկումների, որոնք նպատակաուղղված կլինեն ծրագրի ներառականության, արդարացիության ու արդյունավետության ապահովմանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը