ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր միկրոբլոգում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի որոշման մասին՝ վերանորոգել Զեյթունի հանրակացարանը։
«Ուսանողները հայտնվել են անելանելի իրավիճակում։ Հայտնում են, որ չունեն այնպիսի ֆինանսական հնարավորություններ, որ մինչ վերանորոգման ավարտը կարողանան բնակարաններ վարձել։
Հանրակացարանի տնօրենի հետ զրույցից պարզ դարձավ, որ նախորդ տարվա համեմատ 100-ով ավելացել է ուսանողների քանակը հենց բնակարանների վարձակալության գների աճի հետևանքով։
Տնօրենը հավաստիացրեց, որ ինքը բարձրաձայնել է այս մասին եւ լիահույս է, որ ԿԳՄՍ-ն ի վնաս ուսանողության որոշում չի կայացնի։
Նշեմ, որ Զեյթունի հանրակացարանը առանձնահատուկ է նրանով, որ այստեղ բնակվում են ուսանողներ տարբեր բուհերից։
Անթույլատրելի եմ համարում ուսումնական տարվա ընթացքում վերանորոգման աշխատանքների պատճառաբանությամբ հարյուրավոր ուսանողների անօթևան թողնելը։
Եթե ԿԳՄՍ-ն, այնուամենայնիվ, կորոշի սկսել վերանորոգման աշխատանքները, պարտավոր է մինչ այդ հոգալ ուսանողների կացության խնդիրները»,- գրել է պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը