ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Հետք մեդիա գործարանի հետ իրականացնում է ծրագրի, որի շրջանակում ուսումնասիրվում են սահմանային այն գյուղերը, որոնք ունեն 100-ից պակաս բնակչություն: Հետք մեդիա գործարանի ծրագրի ղեկավար Հարություն Մանսուրյանը նշեց, որ ուսումնասիրության առանցքում ընտանիքներն են ու նրանց խնդիրները: Նպատակն է գույքագրել սահմանամերձ համայնքների ընտանիքների խնդիրները, բարձրաձայնել ու ներկայացնել պատկան մարմիններին:
«Առայժմ աշխատանքները սկսել ենք Վայոց ձորի մարզից: Փորձում ենք գույքագրել, թե այդ գյուղերում ովքեր են ապրում, ինչ ենթակառուցվածքներ կան, ինչ խնդիրների առաջ են կանգնած: Մենք նկարահանել ենք մի ընտանիքի պատմություն: Մեկ տանը երեք սերունդ է ապրում, տղան մասնակցել է պատերազմին, վիրավորվել է, մեկ աչքը չի տեսնում, ոտքերը բեկորների մեջ են: Մինչև պատերազմը նա վարկ էր վերցրել տունը վերանորոգելու համար, սակայն հաշմանդամութուն ձեռք բերելուց հետո չի կարողացել աշխատել ու հիմա տունը կորցնելու շեմին են: Այո, պետությունն ունի բազմաթիվ ծրագրեր, սակայն այսպիսի օրինակները շատ են մեր շրջապատում, որոնց պետք է անդրադառնանք»,-ասաց Հարություն Մանսուրյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը