17 03 2022

ՀՀ-ն բազմաթիվ անգամներ բաց է թողել Արցախի անկախությունը ճանաչելու հարմար նպաստավոր պահերը․ Արթուր Թովմասյան

ՀՀ-ն բազմաթիվ անգամներ բաց է թողել Արցախի անկախությունը ճանաչելու հարմար նպաստավոր պահերը․ Արթուր Թովմասյան

Այսօր՝ մարտի 17-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախ ժամանած ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Գեղամ Մանուկյանի, Ելենա Կիրակոսյանի և Քրիստինե Վարդանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

Խորհրդարանի նախագահը ողջունել է պատգամավորներին և նշել, որ Արցախի խորհրդարանում մշտապես ուրախ են հյուրընկալելու ՀՀ գործընկերներին: Նա ստեղծված իրավիճակում կարևորել է պատգամավորների այցելությունն Արցախ:

Ա. Թովմասյանը նշել է, որ մշտապես հետևում է ՀՀ ԱԺ նիստերին և նկատում է, որ իշխող ուժը չի ընդառաջում ընդդիմությանը, սակայն այլ է պատկերն Արցախում. ԱԺ հայտարարությունների մեծամասնության տակ ստորագրում են խորհրդարանում ներկայացված բոլոր 5 խմբակցությունները:

«Այն, ինչ այսօր կատարվում է ՀՀ խորհրդարանում, հարիր չէ խորհրդարանին և գերազանցել է բոլոր ռեկորդները. ե՞րբ են այդ մարդիկ կանգ առնելու: Նոր օրակարգ պետք չէ, ստեղծե՛ք այդ համազգային օրակարգը՝ Արցախ, Հայոց ցեղապանություն, անվտանգություն: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մեր աշխատանքային օրն սկսվում է Հայաստանի, ապա Արցախի սահմաններում տիրող իրավիճակին ծանոթանալուց հետո: Երևանից Ստեփանակերտը չի երևում: Եկե՛ք, տեսեք ձեր աչքերով՝ ինչ է կատարվում»,-ասել է Ա. Թովմասյանը:

Նա իր խոսքում նշել է, որ թեև Ադրբեջանը պնդում է, թե Արցախի հարց գոյություն ունի, սակայն դա իրականության հետ որևէ աղերս չունի: «Գոյություն ունի 12000 քառ. տարածքի հարց, դրան գումարած նաև Շահումյանի շրջանն ու Գետաշենը: Եթե սա մենք չբարձրաձայնենք, Ադրբեջանն էլ կպնդի, թե ԵԱՀԿ-ն այլևս այստեղ անելիք չունի»,-ասել է ԱՀ ԱԺ նախագահը:

Ա. Թովմասյանը ցավով արձանագրեց, որ ՀՀ-ն բազմաթիվ անգամներ բաց է թողել Արցախի անկախությունը ճանաչելու հարմար նպաստավոր պահերը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր հերթին ողջունել է Արցախի խորհրդարանի ղեկավարին և ներկա խորհրդարանականներին: Նա նշել է, որ իրենց խմբակցությունը կարևորում է 2 խորհրդարանների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացումը:

Նա մտահոգիչ է համարել Հայաստանից ստացվող քաղաքական ուղերձները և Արցախի գործընկերներին հրավիրել Հայաստանում կայանալիք Արցախի հարցով լսումներին:

«Երկրորդելով Արցախի խորհրդարանի 3 ընդդիմադիր ուժերին՝ ԱՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ևս պահանջել են Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի հարցը արագ լուծվի»,-իր խոսքում նշել է Ա. Խաչատրյանը:

Նա ավելացրել է, որ իրենց համար հասկանալի չէ այն սիրախաղը, որն այսօր տեղի է ունենում Երևանի և Անկարայի միջև, քանի որ մեր առջև այն նույն թուրքերն են, որ կային 20-րդ դարասկզբին, որոնց նպատակներն առ այսօր չեն փոխվել:

«Չկա առանձին Արցախի հարց, այլ կա հայ ազգի հարց: Այս կողմից կկտրեն-կտանեն, հետո մյուս կողմից կկտրեն և կտանեն, դրա համար չի կարելի Հայաստանի պետական շահը տարանջատել Արցախի պետական շահից»,- ասել է Ա. Խաչատրյանը:

«Հայաստան» դաշինքի պատգամավորները նշեցին, որ այսօր ասյտեղ են ցույց տալու համար, որ աշխատելու են միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ և իրենց ներդրումն են ունենալու այդ գործընթացում:

ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն էլ իր հերթին կարևորել է միջխորհրդարանական շփումները:

«Թեև շատ կարևոր են այսպիսի հանդիպումները, շփումները թե՛ խմբակցությունների, թե՛ հանձնաժողովների մակարդակով, սակայն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ձևաչափը ամենակարևոր ձևաաչափն է ինստիտուցիոնալ առումով, որտեղ կարող ենք քննարկել ազգային օրակարգերը և մեր ու ձեր կողմից պետք է լուրջ աշխատանքներ տարվեն այս ուղղությամբ»,-ասել է Ա. Հարությունյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ