03 03 2022

Ինչո՞ւ է Կոնդի առանձնատների մասով քրեական գործը կարճվել․ Պարզաբանում՝ ՔԿ-ից

Ինչո՞ւ է Կոնդի առանձնատների մասով քրեական գործը կարճվել․ Պարզաբանում՝ ՔԿ-ից

Yerevan.Today-ը մարտի 1-ին հրապարակել էր, որ Քննչական կոմիտեում փակել են Փաշինյանի առանձնատան «2 միլիոն դոլարանոց» նորոգման չարաշահումների հիմքով հարուցված քրգործը: Այս առումով ՀՀ Քննչական կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ, որում նշում է․ 

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ  ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրականացված մշտադիտարկման արդյունքում ստացված տվյալների շրջանակներում 2019թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 69110319 քրեական գործը և  կատարվել նախաքննություն:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ պետական բյուջեից ՊՈԱԿ-ին հատկացված գումարի հափշտակություն տեղի չի ունեցել, իսկ շինարարական կազմակերպությանը փոխանցված ավել գումարը վերադարձվել է ՊՈԱԿ բյուջե:

2021թ. մայիսի 31-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճելու մասին:

Այս ամենով հանդերձ անհրաժեշտ է ընդգծել նաև, որ ինչպես այս, այնպես էլ մնացյալ բոլոր գործերի քննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն բացառապես առաջնորդվում է օրենքի գերակայություններով, գործում է իրավաչափ  և ամենայն հարգանք տածելով լրատվամիջոցների նկատմամբ՝ բարեկամաբար հորդորում ենք նախաքննական մարմնին զերծ պահել անհարկի շահարկումների, ասեկոսեների և համանման այլ դրսևորումների տրամաբանություններից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ