Yerkir.am-ը գրում է․ 3,696,830,070 դրամ
7,614,480.06 դոլար
Առանձնապես խոշոր չափերի գումար՝ պադավատապետների համար
Իշխանափոխությունից 4 տարի անց Հայաստանը շարունակում է լինել «զարմանալի պետություն», որտեղ, 30 տոկոս աղքատությանը զուգահեռ, իշխող վարչախումբը պետական բյուջեի միջոցներով մոտ 3,5 միլիարդ դրամի ծառայողական մեքենաներ է գնել։ Երկիրը «կռուպնի քանդող տղերքը» բոլորիս աչքերի առաջ կառուցել են ահա այսպիսի «չնաշխարհիկ պադավատապետություն»։
Ռեկորդային արագությամբ հեծանիվը մեքենայով փոխարինած Փաշինյանի իշխանավորները պետության հաշվին բարձր դասի ամենագնացներ են գնել՝ որոշ դեպքերում նպատակային նշանակությունը չհիմնավորելով: Մինչվարչապետական շրջանում «պադավատապետության» մասին լալահառաչ ելույթներ ունեցող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասում էր. «Մենք զարմանալի պետություն ենք, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իրա գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործի գնալու, տուն գնալու պայման ապահովելն ա։ Էդ մարդու աշխատանքը ավտոբուսի, երթուղայինի մեջ ա, մի հատ բացատրեք՝ մենք իրան ինչի՞ ենք ծառայողական մեքենա տալիս։ Տրանսպորտի նախարարության պաշտոնյաների խնդիրը միջմարզային, միջքաղաքային տրանսպորտ ապահովելն ա, «Տոյոտա Քեմրի» ենք տալիս կամ, կարող ա, մի հատ ավելի լավը, ասում ենք՝ ախպե՛ր, դու գնա մարզ, արի»։
Գանք վերջից՝ պատերազմից հետո՝ 2020-2021 թթ․, պետական բյուջեի միջոցներով գնված մեքենաներից։
2020-2021 թթ․ կառավարությունը պետական բյուջեից «պադավատապետության» վրա ծախսել է մոտ 2,5 միլիարդ դրամ
Պատերազմի տարում կառավարությունը գնել է մոտ 300 միլիոն դրամի մեքենա։ Ուշագրավ է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց երկու օր անց Նիկոլ Փաշինյանը իր անվտանգության աշխատողների՝ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության համար գնում 4 նոր ամենագնաց, յուրաքանչյուրը՝ 6,200 000 դրամով՝ ընդհանուր առմամբ, պետական բյուջեից ծախսելով 24, 800,000 դրամ: Շեշտենք՝ այս գնումը իրականացվում է պատերազմից երկու օր անց, երբ երկիրն անասելի վատ վիճակում էր՝պետությունը գումար չուներ անգամ հաշմանդամություն ձեռք բերած զինվորների բուժման ծախսերը հոգալու համար (համենայն դեպս, այսպիսի հիմնավորումներ էինք լսում պետական կառավարման օղակներից): Փաշինյանն իր անվտանգության աշխատակիցների համար 5 նոր մեքենա էլ գնում է 2021 թ․ հունիսի 11-ին՝ արտահերթ ընտրություններից տասն օր առաջ։
Մի կառավարական շենքից մյուսը 2000 ոստիկանի ուղեկցությամբ եւ թիկնազորով շրջող Փաշինյանն ի՞նչից է այդքան վախեցել, որ Հայաստանի համար առանցքային երկու կարեւորագույն ժամանակահատվածներում այդքան գումար է վատնել պետական բյուջեից՝ իր անվտանգությունն ուժեղացնելու համար։ Ըստ ամենայնի, «պատերի տակ գնդակահարվելու պատրաստ» Փաշինյանը հոգու խորքում գիտի, որ Հայաստանին մատուցած իր հակապետական ծառայություններն այնպիսի տրամադրություններ են ստեղծել հանրության շրջանում, որ ցանկացած պահի ցանկացած ոք իրեն կարող է վնասել։ Ակնհայտ է, որ ՊՊԾ թիկնազորի համար այսքան ճոխ գնումներն արվել են ոչ թե պետության կարիքներից ելնելով, այլ զուտ Փաշինյանի անվտանգային վախերի պատճառով։
Դատախազություն, Հակակոռուպցիոն կոմիտե, ՀՀ վարչապետի աշխատակազմ
2020 թ․ դեկտեմբերի 2-ին կառավարությունը դատախազության ինչ-որ մի չինովնիկի համար գնում է «Renault ARKANA» մակնիշի ամենագնաց՝ բյուջեից ծախսելով 10 միլիոն դրամ։ Վարչապետի աշխատակազմն իր կարիքների համար 2021 թ․ դեկտեմբերի 13-ին էլեկտրոնային աճուրդով «Մեգնա» ՍՊԸ-ից «Նիվա» մակնիշի 12 ավտոմեքենա է ձեռք բերել․ նպատակային նշանակությունը պարզ չէ։ Փաստենք նաև, որ կառավարության լրատվականից Yerkir.am-ի՝ ավելի վաղ արված հարցմանն ի պատասխան՝ պնդել էին, որ վարչապետի աշխատակազմի համար, իբր, մեքենաներ չեն գնվել (կից տե'ս հարցման պատասխանը)։ Հետաքրքիր է նաև, թե կառավարության աշխատակազմի ինչի՞ն են պետք թանկարժեք «Նիվաները», լեռնե՞ր են բարձրանալու, անտառնե՞ր են մտնելու, թե՞ Փաշինյանի՝ անհաջողակների իշխանության ներկայացուցիչների մանկության երազանքն է եղել քշել սպիտակ «Նիվա», և այժմ հարմար պահն է այն իրականացնելու։
2021 թ․ կառավարությունը ծածուկ կերպով դադարեցրել էր ծառայության ընթացքում վիրավորում ստացածների անվճար կամ արտոնյալ բուժսպասարկումը, ավելին՝ անցած տարվա կեսերին բոլոր բուժհիմնարկները փաստի առաջ կանգնեցին՝ ներքին հրամանով դադարեցվեց պետպատվերի բուժսպասարկումը՝ 4 միլիարդ պարտքի կուտակումով։ Բայց զուգահեռ իրականությունը ճոխություններ էր պարգեւում 40 հազար դրամանոց բաժակով կոնյակ խմող՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։
Ֆինանսական ճգնաժամի պայմաններում Սասուն Խաչատրյանի համար երկու մեքենա է գնվել, ենթադրաբար՝ մյուսը տեղակալինն է։ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամերի տարբերությամբ, հրատապության կարգով, խախտելով «Գնումների մասին» օրենքը, կառավարությունը, մեկ անձից գնումներ կատարելով, այսինքն՝ առանց մրցույթի, գնել է 2 մեքենա՝ մեկը՝ 15 000․000 («Մագաս ինվեստ» ՓԲԸ), մյուսը՝ 18 400 000 դրամանոց ( «Տոյոտա Երեւան» ՍՊԸ)՝ ընդհանուր առմամբ պետական բյուջեից ծախսելով 33 400 000 դրամ (երեսուներեք միլիոն չորս հարյուր հազար դրամ)։ Ուշագրավն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտի համար գնված մեքենաների մակնիշները գաղտնի են պահվում՝ այն դեպքում, երբ գնող մարմինը պարտավոր է կոնկրետացնել, որովհետեւ մեքենան անհատականացման ենթակա գույք է։ Խոզ չէ, որ ասես՝ 100 հատ ունեմ․ ու տվյալները չներկայացնես: Մեքենան հաշվառվում է՝ պետհամարանիշով, տեխանձնագրով, շարժիչի հզորությամբ եւ այլն։
Զավեշտ է․ կոռուպցիան կանխարգելելու համար ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեն խախտում է «Գնումների մասին» ՀՀ օրենքը եւ մեքենաներ գնում իր համար նախընտրելի օլիգարխներից։ Ինչո՞վ է պայմանավորված Սասուն Խաչատրյանի՝ օրինակ, «Մագաս ինվեստ» ընկերության ծառայություններին գերապատվություն տալու եւ այլ ընկերությունների համար հակամրցակցային դաշտ ձեւավորելու քայլը։
«Գնումների մասին» օրենքը խախտել է նաեւ ՀՀ դատախազությունը։ 2019 թ․ դեկտեմբերին մեկ անձից գնման եղանակով դատախազությունը 14 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ ջիպ է գնել։
Մի գերթանկարժեք մեքենայի պատմություն
«Նախկին թալանչիներին» պադավատապետության մեջ մեղադրող Փաշինյանը իշխանափոխությունից մի քանի ամիս անց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի համար գնում է գերթանկարժեք ջիպ՝ «Տոյոտա Պրադո», գինը՝ 27 միլիոն 695 հազար դրամ։ Նույն ժամանակահատվածում՝ 2018թ․ մայիսին, կառավարությունը ՀՀ դատական դեպարտամենտի համար գնում է 10 միլիոն 361 հազար դրամանոց «Տոյոտա Կորոլա»։
Ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն պետությունը դատախազների, ոստիկանների, անվտանգության աշխատակիցների համար նոր մեքենաներ է գնում:
Սոված ժողովուրդ, ավելի քան 9 միլիարդ դոլարի պետական պարտք, ապրանքների՝ մինչեւ 100 տոկոս գնաճ և, զուգահեռաբար, աճող պարգեւավճարներ ու գերթանկարժեք մեքենաների գնումներ․ սրանք են Նիկոլ Փաշինյանի առաջնահերթությունները պատերազմը չավարտած երկրում։
2018-2021 թթ. ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք բերված ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկատվությունը մանրամասն ներկայացնում ենք ստորեւ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը