ԱՄՆ-ն ինքն է հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից՝ Ուկրաինայի եւ գլոբալ անվտանգության հարցերով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հենց այսօր ռուսական պատվիրակությունը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ պետք է գտնվեր հենց եվրոպական տարածքներում, որտեղից եւ որոնցից մենք լսում ենք մեր հասցեին ուղղված ամեն տեսակի մեղադրանքներ: Իսկ ռուսական պատվիրակությունը պետք է այնտեղ լիներ ԱՄՆ պետքարտուղար պարոն Բլինկենի գլխավորած պատվիրակության հետ բանակցելու նպատակով: Հենց ամերիկյան կողմն է հրաժարվել հետագա բանակցություններից»,-ասել է Զախարովան НТВ-ի եթերում:
Նա հստակեցրել է, որ խոսքը նաեւ գլոբալ անվտանգության, ռազմավարական կայունության հարցերով, ներկա իրավիճակի շուրջ բանակցությունների մասին է. «Եվ իհարկե, առանց Ուկրաինայի հարցի քննարկման չէր լինի: Ամերիկյան կողմը պաշտոնական պատասխան է ուղարկել ռուսական կողմին, որտեղ բավական գռեհիկ եւ խեղաթյուրված կերպով ներկայացվում էր, որ չեն ցանկանում բանակցել Ռուսաստանի հետ: Դա եղել է նախքան Մոսկվայի կողմից հատուկ գործողություն սկսելը, եւ դա ամբողջ աշխարհը պետք է իմանա»,-հայտարարել է Զախարովան:
Հանդես գալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը իրադարձությունների հետագա զարգացումներում ելնելու է իր սեփական շահերից. «Մենք ելնելու ենք սեփական շահերից, դրանք այսօր այսպիսին են՝ կանխել վատագույն սցենարի զարգացումը»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը