ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը հաստատել է այն տեսակետը, որ Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել գերիներին, ինչի մասին նա դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ է բազմիցս հայտարարել: Այս մասին ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Մարինա Կալյուրանդը մի քանի անգամ ընդգծեց, որ Արցախյան հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում, պատերազմը կոնֆլիկտի ավարտ չի ենթադրում, որ Ադրբեջանի կողմի հոխորտանքը, թե արցախյան հիմնահարցը լուծված է, չի համապատասխանում ԵՄ մոտեցմանը և Մինսկի խումբը միակ ընդունված ձևաչափն է, որի շրջանակում հնարավոր է հիմնահարցի լուծում ապահովել»,- հայտնեց Մամիջանյանը:
Նա հայտնեց, որ Եվրոպական պառլամենտի պատգամավորներին ներկայացրել են նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացները՝ սկսած ընտրությունների կազմակերպումից մինչև այս պահին քաղբանտարկյալների առկայություն, դատական համակարգի նկատմամբ ճնշումներ։
«Այդ տեղեկատվությունը Եվրոպական պառլամենտի պատգամավորներն ընդունեցին ի գիտություն և խնդրեցին տրամադրել հավելյալ փաստական տվյալներ։ Մենք սիրով առաջիկա օրերին կկատարենք։ Հուսամ՝ այս անգամ եվրոպական կառույցներն ավելի աչալուրջ կհետևեն ընդդիմության տրամադրած տեղեկատվությանը և ավելի հասցեական, հրապարակային հակադարձում և արձագանք կտան ընթացող գործընթացներին»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը