23 02 2022

Դատավորների միության նախագահը ՄԻՊ-ին երախտագիտություն է հայտնել

Դատավորների միության նախագահը ՄԻՊ-ին երախտագիտություն է հայտնել

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը միության անունից երախտագիտություն է հայտնել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին՝ ժողովրդավարության, և մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության զարգացման բնագավառում անգնահատելի ներդրման համար։

Դատավորների միության նախագահի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ պարոն Թաթոյան,
Թույլ տվեք ՀՀ դատավորների միության անունից արտահայտել մեր խորին երախտագիտությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, և մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության զարգացման բնագավառում Ձեր անգնահատելի ներդրման համար։

Ձեր պաշտոնավարման ավարտին պետք է արձանագրենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Ձեր անհատական և ողջ անձնակազմի աշխատանքի շնորհիվ, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը ու նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում բարձրացվել է նոր մակարդակի և օրինակելի է դարձել ողջ աշխարհում, առանց որի այլևս դժվար է պատկերացնել հայաստանյան իրականությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի կարևորությունն առավել ակներև դրսևորվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում։

Ձեր ղեկավարությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը բարձր արդյունավետություն է արձանագրել հատկապես բնակչության առավել խոցելի խմբերի` գերիների, տեղահանվածների, այլևս սահմանամերձ համայնքների բնակիչների, հաշմանդամների, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, այն առավել մեծ կարևորություն է ստացել նաև ներկայիս օրհասական պահին, երբ վտանգված է դատական իշխանության անկախությունը` որպես ժողովրդավարության ապահովման կարևոր երաշխիք։

Սրտանց մաղթում ենք անկոտրում կամք, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ Ձեր հետագա գործունեության ընթացքում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ