18 02 2022

Եկեղեցին միշտ էլ ասել է, որ պատրաստ է ցանկացած պատասխանատվության տակ մտնելու. Աջապահյան․ Armdaily.am

Եկեղեցին միշտ էլ ասել է, որ պատրաստ է ցանկացած պատասխանատվության տակ մտնելու. Աջապահյան․ Armdaily.am

Armdaily.am-ը գրում է․ Ռոբերտ Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հանրապետության նախագահի պաշտոնի համար Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազան կլիներ լավագույն թեկնածուն այս պահին:

ArmDaily.am-ն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց՝ արդյոք Մայր Աթոռում այս հարցը քննարկվել է, ասաց, որ ոչ մի քննարկում Մայր Աթոռում չի եղել։

«Մայր Աթոռում ոչ մի քննարկում չի եղել, որովհետև Մայր Աթոռն իշխանության ձգտում չունի և իշխանություն վերցնելու ցանկություն էլ չունի, բայց հայ հոգևորականը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, հայ հոգևորականը օրենքի առաջ հավասար է բոլորի հետ՝ հազար անգամ դա ասել եմ և դա ներքին եկեղեցական կանոնադրության խնդիր է՝ քաղաքականությամբ զբաղվել, չզբաղվելը։ Սահմանադրությունը մեզ չի արգելում քաղաքականությամբ զբաղվել, մեր եկեղեցու ներքին կարգն ու սարքն է մեզ արգելում։ Հետևաբար, իհարկե հայ եկեղեցականը, Հայաստանի քաղաքացին սովորական, մյուս քաղաքացիների նման իրավունք ունի քաղաքական գործունեությամբ զբաղվելու»,-ասաց Աջապահյանը։

Սրբազանից փորձեցինք հստակեցնել, եթե որևէ հոգևորական որոշի առաջադրվել օրինակ նախագահի պաշտոնում՝ ի՞նչ կլինի, վերջինս ասաց, որ չի որոշի. «Չի որոշի, նման բան չի կարող լինել։ Հոգևորականը կարգալույծ չի արվի՝ չի էլ առաջադրվի, որպեսզի կարգալույծ արվի։ Եկեղեցին միշտ էլ ասել է, որ պատրաստ է ցանկացած պատասխանատվության տակ մտնելու և այդքան բան»։

Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմից վերոհիշյալ հայտարարությանը, նա ասաց, որ դա Քոչարյանի անձնական ցանկությունն է, որի մասին վերջինս բարձրաձայնել է, իր դիրքորշումն է արտահայտել։

«Ասել է, որ այս փուլում լավ կլինի, իբրև անաչառ մեկը՝ հոգևորականներից մեկը, ստանձնի այդ տեղը՝ վատ բան չի ասել։ Բայց դա պետք է տրվի հոգևորականին, հոգևորականն ինքը չի վերցի իշխանություն։ Հոգևորականին իշխանություն պետք չի, նախագահություն պետք չի, վարչապետություն պետք չի»,-ասաց Աջապահյանը։

Նա հավելեց, որ եկեղեցին երբեք չի խուսափում պարտականությունը, պատասխանատվություն ստանձնել, դարերի ընթացքում էլ ինքը չի վերցրել, այդպես ստացվել է՝ պետականությունը կորսվել է ու եկեղեցին ստանձնել է առաջնորդողի դերը։

«Այնպես որ եկեղեցականներից ցանկացած մեկը, կարծում եմ, որ շատ լայն հնարավորություններ և կարողություններ ունի, շատ շատերից ավելի լավ կառավարելու, բայց մենք ցանկություն չունենք դրա մեջ մտնելու։ Մեզ պետք է առաջարկվի, ոչ թե մենք խլենք իշխանությունը՝ այն ժամանակ կտեսնենք, կքննարկենք։ Եկեղեցին էլ գուցե ևս դրական էլ կպատասխանի, ինչ է եղել։ Պատասխանատվությունից մենք չենք խուսափում, ոչ թե իշխանություն ենք ցանկանում՝ սա տարբեր բաներ են»,-ասաց Սրբազանը։

Նա հավելեց, որ եկեղեցին իր դիրքում է, իր առաքելությունը շարունակում է, իր կեցվածքի վրա կանգնած է, անշարժ, անսասան։

«Բայց եկեղեցին հարգում է այն քաղաքական կողմնորոշումը, որը ցույց է տալիս Հայաստանը և սպասում հանգուցալուծմանը»,-ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ