ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Լուկաշենկոյի հայտարարություններին և միութենական պետություն ստեղծելու գաղափարին: Ներկայացնում ենք հարց ու պատասխանը:
Թեև միութենական պետության գաղափարը պաշտոնական օրակարգում չէ, բայց քննադատում են և իշխանությանը և ընդդիմությանը, որ կոշտ չեն արձագանքում: Ձեր դիրքորոշումը միութենական պետության հայեցակարգին, և արդյո՞ք Ձեր կառավարման տարիներին նման առաջարկ եղել է, օրինակ Լուկաշենկոյի հարցազրույցը:
Միանգամից սկսեմ Լուկաշենկոյից, որովհետև նրան լավ եմ ճանաչում: Նրան կարելի է ընդունել, չընդունել, հարգել, չհարգել, բայց նա միշտ ասում է այն, ինչ մտածում է: Երկրի ղեկավարը միշտ չէ, որ պետք է ասի այն, ինչ մտածում է: Ինձ համար զարմանալի էր իշխող ուժի բուռն արձագանքը, որովհետև այն, ինչ ասում էր Լուկաշենկոն, չի կարելի համեմատել այն ամենի հետ, ինչ ասում էր Ալիևը: Իհարկե չպետք է այդ տոնով ասեր, որոշակի կոռեկտություն պետք է պահել, բայց մենք պետք է իմանանք, որ ինքն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են: Այսօր իշխանությունն անում է ամեն ինչ, որ բոլորն այդ կերպ մտածեն:
Ինչ վերաբերում է միութենական ընդհանուր պետությանը: Այսօր աշխարհում կան ինտեգրման այնպսի մոդելներր, որոնցով բոլորը հիանում են, օրինակ Եվրոպական միությունը: Իմ կարծիքով այն ինչ կա Ռուսաստանի և Բելառուսի միջև, հեռու է իր ինտեգրման աստիճանով Եվրոմիությունից: Այսօրվա աշխարհում չպետք է վախենալ որևէ ինտեգրման պրոցեսից, ուղղակի պետք է նստես և հաշվես, թե ինչ ես ստանում և ինչ ես զիջում, շատ սառը հաշվարկ պետք է անես, իմ նախագահության տարիներին նման որևէ առաջարկ չի եղել, նման հարց չի քննարկվել, մենք նման նախաձեռնության առաջարկ չենք արել: Բայց կրկնում եմ նման գործընթացին պետք է մոտենալ շատ պրագմատիկ՝ ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում:
Ես տեսնում եմ մեկ բան, որ առաջին մոդելով Ռուսաստանի հետ գնալու համար մենք պետք է ունենանք ավելի խորացված հարաբերություններ, չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում: Այլընտրանք չկա ուղղակի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը