Քաղաքական որոշումը, թե Հայաստանը ինչ կառավարման ձև է ընտրելու, սկսվելու է այս խորհրդից: Ես երաշխավորում եմ, որ որևէ այլ մարմին չունի նման քաղաքական որոշում, առաջին քաղաքական որոշումը կայացնելու է այս խորհուրդը: Իհարկե, մենք չենք կարող որոշումներ կայացնել ԱԺ-ի, կառավարության ու ՍԴ-ի փոխարեն, բայց այն, որ այստեղ է սկսվելու, ես դա երաշխավորում եմ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց խորհրի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, պատասխանելով հարցին թե արդյոք խորհուրդը քննարկելու է կառավարման մոդելի հարցը և ո՞ր մոդելն է նախընտրելի իշխող ուժի համար
Հարցին, թե այդ մասով վարչպետ Նիկոլ Փաշինյանն իրենց ինչ-որ ուղենիշներ տվե՞լ է, Անդրեասյանը պատասխանեց. «Քննարկումներ, իհարկե, եղել են կառավարության ծրագրի քննարկումների շրջանակներում ավելի լայն կազմով, եղել են ԱԺ-ում վարչապետի հայտարարությունները: Այդ բոլոր հայտարարությունների իմաստը հետևյալն է՝ գտնել ամենաօպտիմալ ճանապարհը՝ լուծելու կառավարման կարգը Հայաստանում, նաև բաշխել լիազորությունները բոլոր իշխանության թևերի միջև այնպես, որ մարդկանց մոտ լինի և արդարության զգացում, և կառավարման էֆեկտիվություն»:
Իսկ թե ինչու է խորհրդի նիտերին մասնակցում վարչպետի օգնական Աննա Վարդապետյանը, Անդրեասյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ մեր խորհուրդը ձևավորվել է վարչապետի կողմից և որքան էլ այնտեղ կան անկախ մարդիկ, կուսակցության ու ՀԿ-ների ներկայացուցիչներ, ըստ մեր Սահմանադրության պրոցեդուրաների, այս աշխատանքը պետք է գնա գործադիր, այնտեղից օրենսդիր, որիդ հետո ՍԴ: Եթե մենք այս պրոցեսներում ի սկզբանե չներգրավենք գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի իրավական հարցերով օգնականին, հետո մենք ստիպված էինք լինելու հետո իրեն առանձին այս ամբողջ գործընթացները ներկայացնել, որովհետև ինքն էլ դա պետք է ներկայացնի վարչապետին: Հետևաբար, իր ներկայությոնն առանց ձայնի իրավունքի մեզ համար շատ օգտակար է: Կարևոր է, որ այս ընթացքում վարչապետին տեղյակ պահվի մասնագիտական որոշակի խնդիրների մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը