ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում դատական համակարգի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցեց և պատգամավորների հարցերին պատասխանեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները 2021 թվականի ապրիլից կասեցված են։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ արդյո՞ք իր ասածը, թե «Ջհանգիրյանն անձամբ է ասել, որ ցանկալի է, որ ես հրաժարական տամ և նա ղեկավարի ԲԴԽ»-ն, հաղորդում է հանցագործության մասին, Վարդազարյանը նշեց, որ ինքը պրոֆեսիոնալ է և հիանալի հասկանում է, թե ինչ է հանցագործության մասին հաղորդումը:
Վարդազարյանի խոսքով՝ երբ իշխանությունները հասկացան, որ ինքը պատվերներ չի կատարելու և գործերը չի քաղաքականացնելու, անցանկալի դարձավ. «Ես հանցագործություն չեմ գործել, ինձ անարգանքի սյունին չեն կարող գամել: Ես ուղղակի ասել եմ, որ իմ օգնությամբ նրանք քաղաքական որոշումներ չեն ստացել և այդ պատճառով էլ ամբաստանյալ դարձա»,- ասաց Վարդազարյանը։
Նա նշեց, որ հանրային ճնշում եղել է ԲԴԽ-ի նկատմամբ, բայց պատվեր, որ ինչ-որ մեկն անձամբ զանգի իրեն ու ասի ՝ «պարոն Վարդազարյան, խնդրում եմ կամ ցուցում եմ տալիս, հորդորում եմ այսինչ անձին ենթարկել քրեական պատասխանատվության», չի եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը