08 02 2022

Եթե պարարտանյութի հարցը չլուծվի, գարնանացանը վտանգի տակ է․ Արթուր Խաչատրյան



Կիրակի Սեյրան Օհանյանի հետ այցելել ենք Շիրակի մարզ, զրուցել ենք մեկ տասնյակից ավելի ֆերմերների հետ։ Խնդիրը միայն ֆերմերներին չի վերաբերում, խնդիրը բոլորիս է վերաբերում՝ թե նրանց, ովքեր հաց են աճեցնում, թե նրանց, ովքեր այդ հացն ուտում են։ ԱԺ հայտարարություններին ժամանակ ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ժամանակին կառավարությունը սուբսիդավորում էր պարարտանյութի, սերմնացուի և վառելիքի գները։ Հիմա դա չկա։ Ես չեմ ասում, որ սուբսիդավորումը լավագույն լուծումն էր։ Անձամբ ես կողմ եմ սուբսիդավորել ոչ թե ներմուծողին, այլ դոտացիա տալ արտադրողին։ Դա, ի թիվս այլ դրական դրսևորումների, կխթանի շուկան և կմեծացնի մրցակցությունը։ Դա նախկինում էր, հիմա գյուղացին մնացել է իր պրոբլեմների հետ լրիվ մեն մենակ։ Մինչ էկոնոմիկայի նախարարը մտածում է, թե որն է գյուղացուն աջակցության լավագույն տարբերակը, գարնանացանի նախաշեմին պարատանյութի, սերմացուի և վառելիքի գները նորանոր բարձունքներ են գրավում։ Մեկ պարկ ամոնիակային սելիտրան, որ դեռ անցյալ տարի վաճառվում էր 6-ից 7,500 դրամով (վրացականը մի քիչ ավելի էժան, ռուսականը մի քիչ ավելի թանկ), այ հենց հիմա վաճառվում է 20,000 դրամով։ Կալիումական պարարտանյութը 7-7,500 ից դարձել է 15,000 դրամ (ռուսական Еврохим-ի գներն եմ ասում)։

Այն գյուղացին, որ անցյալ աշնանը ցորեն է ցանել, այսօր չի կարող պարարտանյութ գնել, որ բերքը չկորի, ցանքի վրա կատարած ծախսերը ջուրը չթափեն։ Շատերը վարկ են վերցրել, որ աշնանացանը կատարեն, վարկն այդ փողը ետ բերելու խնդրի առաջ են կանգնելու։ Եթե պարարտանյութի հարցը չլուծվի, գարնանացանը վտանգի տակ է։ Մարդկանց միջոցները չեն հերիքում, վարկունակությունն ուղակի բավարար չէ վարկ վերցնելու համար։ Շատերը գարի, կարտոֆիլ, լոլիկ, ոչ կցանեն, ոչ կտնկեն։ Դաշտերը կմնան ամայի։ Գյուղացուն պարարտանյութ հասցնելու հարցը էլ ավելի սրվեց մի քանի օր առաջ, երբ Ռուսաստանի Դաշնությունը 2 ամսով արգելեց ամոնիակային սելիտրայի արտահանումը»։

Ավելին՝ տեսանյութով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ