ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, ելույթ ունենալով ՀՅԴ 131-ամյակին նվիրված միջոցառմանը, նշեց, որ Հայաստանի և Արցախի Դաշնակցության օրվան նվիրված ցանկացած միջոցառում յուրահատուկ հաշվետվության ձև է ժողովրդին։ Այդ առումով, ըստ նրա, նույնն է նաև ՀՅԴ 131- ամյակին նվիրված միջոցառումը, թերևս այն բացառությամբ, որ հիշյալ հավաքը անց է կացվում մեր հայրենիքի համար ճակատագրական այս օրերին, երբ Արցախի մեծ մասը կորսված է, Մայր Հայաստանը կանգնած է պետականության կորստի, իսկ հայ ազգը՝ վերջնական պառակտման եզրին։
Մասնավորեցնելով խոսքը Արթուր Մոսինյանը նշեց․
«Պատմական գործընթացնեը կրկնվելու սովորություն ունեն և պատմությունը դաժան է նրանց նկատմամբ, ովքեր դրանից ճիշտ դասեր չեն քաղում։ Ցավալիորեն նույնը կատարվեց և կատարվում է մեր հետ։ 1990-ական թվականներին, արցախյան շարժման համազգային զարթոնքին ու հաջողություններին զուգահեռ, առաջ բերվեց՝ «Քանի Արցախը կա, լավ չենք ապրելու» վտանգավոր և պառակտիչ թեզը, որը նման է ռումբի, որը, չնայած, 90-ականներին չպայթեց, բայց նաև՝ չվնասազերծվեց և վերածվեց դանդաղ գործողության ականի։
Մեր նորանկախ պատմության վերջին 30 տարիները մեծ հաշվով պայքար էին գաղափարական 2 ուղղությունների միջև․ մեկը՝ Արցախ-Հայստան-Սփյուռք եռամիության վրա հիմնված հզոր Հայաստանի կերտումն է, մյուս ուղղությունը՝ Հայաստանի հրաժարումն էր Ցեղասպանության պահանջատիրությունից, Արցախի դատից, ազգային ինքնությունն ու արժանապատվությունն ընդգծող շեշտված քայլերից։ Մյուս ուղղության կողմնակիցները երազում են ունենալ բաց սահմաններ և ճանապարհներ, ենթադրվող տնտեսական հնարավորություններ և դրանց միջոցով բարեկեցություն ապահովվելու ակնկալիքներ։ Եվ, եթե 2020 թվի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն համաձայնագրից հետո մեր շատ հայրենակիցներ մտածում էին, որ չնայած ցավալի կորուստներին և պարտությանը, և ըստ իրենց, «արցախյան բեռից ազատվելուց» հետո հնարավորություն կունենան հանգիստ ապրելու և մնացածը փրկելու, (համենայն դեպս, այդպիսի եզրակացություն արվեց 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո) ժամանակը ցույց տվեց, որ նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիրը միայն սկիզբ դրեց մեր ազգի շարունակական պարտությունների։
Նախորդ իշխանությունների կողմից թույլատրված բազմակի սխալների հետևանքով ստեղծված անադարության և անպատժելիության մթնոլորտը պարարտ հող հանդիսացավ ժողովրդական պոռթկման համար։ Ցավալի է, բայց նմանօրինակ երևույթների հանդուրժողականություն ու հարմարվողականություն ցուցաբերելու չափաբաժին ունի նաև Դաշնակցությունը։Ժողովրդական այդ ընդվզումը հմտորեն օգտագործվեց նաև ներքին և արտաքին որոշ ուժերի կողմից՝ իշխանափոխության համար։ Վերոնշյալ ուժերի կողմից, որպես գործիքակազմ, օգտագործվեց նաև տարիներ շարունակ արտասահմանից սնվող հասարակական և իրավապաշտպան շատ կազմակերպություններ, որոնք նոր լիցք հաղորդեցին այդ շարժմանը և, պահն օտագործելով, իշխանության բերեցին ազգային շահին ու պետականությանն անհաղորդ, քաղաքականապես դիմազուրկ մի խմբակի, որը, ինչպես ցույց տվեց հետագա գործողությունները, իրենց իշխանության պահպանման համար պատրաստ են ոտնահարել ազգային ու պետական ցանկացած շահ։ Ցավալիորեն նույն դաշտի հասարակական ներկայացուցիչները, կայծակնային արագությամբ, ցանցային սկզբունքով արմատներ են գցել նաև Արցախում, այդ թվում՝ իշխանության ամենաբարձր օղակներում։ Իշխանության գալով սկսվեց պետության կազմաքանդման գործընթացը, նախ՝ Արցախում, որը մինչ այդ ուներ մեր ազգային շահերի և հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշում ու տեսլական, իշխանության բերեցին՝ հանուն իշխանության ամեն ինչի պատրաստ իրենց կամակատարներին։ Թիրախում հայտնվեցին մեր պետության ողնաշար Հայոց բանակը , Եկեղեցին, ազգային կուսակցությունները և ,վերջապես, հայ ընտանիքը։ Ազգը բաժանեցին նախկինների և ներկաների, սևերի և սպիտակների, պատմության պահոցից հանվեց հանրահայտ սպիտակ թուղթը, որը դարձավ սպիտակների համար ճանապարհային քարտեզ և որի իրագործումը կհանգեցնի պետության և ազգի կողմից վերջնականապես պարզված սպիակ դրոշի։
Ժամանակը և անկախ հետաքննությունը կպարզեն այս դավադիր պլանի պատվիրատուների և իրագործողների ամբողջ շրջանակը, բայց անգամ դրանով զբաղվելու ժամանակ այսօր մենք չունենք։ Պետք է սթափվել և օր առաջ կանգնեցնել այս պարտությունների շղթան, մի կողմ թողնել՝ մեկը մյուսին մեղադրելու անձնական ամբիցիաներին հագուրդ տալու և հաշվարակներով առաջնորդվելու արատավոր երևույթները և կանգնել ընդհանուր շարք, ձևավորել համազգային հուժկու շարժում, որի առաջամարտիկները կլինեն ձևավորվելիք իրական ազգային էլիտայի ներկայացուցիչները, իրենց կոչմանը հավատարիմ զինվորականները, ուժային կառույցների ներկայացուցիչները, դատավորները, մտավորականները, գործարարները, մի խոսքով, Հայաստանի և Արցախի հանրապետությունների և Սփյուռքի մեր հայրենակիցների այն բոլոր ներկայացուցիչները, որոնք կելնեն պայքարի՝ Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումը կանխելու համար։ Սա կլինի լավագույն խոնարհումը մեր զոհված հերոսների հիշատակի առաջ։ Մեր ազգի հազարավոր նվիրյալներ իրենց կյանքի գնով ամուր հող են նախապատրաստել այդ ամենի համար, պատմական վճռորոշ ժամանակահատվածում փետրվար ամիսը եղել է մեր ազգի համար ըմբոստության և ազգային զարթոնքի, իսկ մայիսը՝ հաղթանակների ամիս։ Ընդհանուր շարք կանգնելով, համազգային միասնությամբ կասեցնենք պետականության վախճանը, շարունակվող կորուստները և հող նախապատրաստենք նոր արշալույսների համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը